Բառերի ու արժեքների ծռմռված իրականությունում

Երբ մարդանման արարածն իջավ ծառից, սովորեց կանգնել 4 վերջույթներից երկուսի վրա ու իր մոտ կանգնած նմանակին փորձեց հարցնել՝ ո՞նց ես...
mardik-qare-dar2 (1)

Երբ մարդանման արարածն իջավ ծառից, սովորեց կանգնել 4 վերջույթներից երկուսի վրա ու իր մոտ կանգնած նմանակին փորձեց հարցնել՝ ո՞նց ես, չկարողացավ, քանի որ դեռ խոսել չգիտեր ու բառեր չուներ։

Ու մարդը պայմանավորվեց իր նմանների հետ ու որոշվեց՝ սա ջուր է, սա քար, սա հաց, սա ծառ, սա…

Այդ օրվանից անցել են տարիներ, լավ՝ մի քանի հազար տարի։

Սկզբի մի քանի դարերում կարծես թե ամեն ինչ նորմալ էր՝ գոնե՝ միմյանց հետ հաղորդակցվելու, միմյանց որպիսություն հարցնելու առումով։ Բայց դա մինչեւ այն պահը, երբ մարդկանց մի խումբ առանձնացավ, որն սկսեց աճպարարություններ անել բառերի, իմաստների ու արժեքների հետ։ Նրանք հռետորներն ու վիճաբանելու համար ուշքները գնացող ճարտասաններն էին։

Հետագայում նրանցից սերեցին քաղաքական գործիչներն ու փաստաբանները, մեր օրերում նրանց շարքերը լրացրեցին սոցցանցային անխավ  քոմենթագիրները։ Բոլորին, անկախ իրենց տարատեսակությունից, կրթությունից, գիտելիքների պաշարից ու խայտաբղետությունից, միավորում է մեկ բան՝ բառն ու խոսքը արժեզրկելը։

Ես հին ու քարացած մտածելակերպով մեկն եմ, ում համար ջուր՝ դա նշանակում է ջուր, քար՝ նշանակում է քար, երկինքը՝ երկինք, հողը՝ հող, սերը՝ սեր, բարությունը՝ գոնե չարության ու չարացածության բացակայություն։ Վերջ։

Բայց կամա թե ակամա հետեւելով անկախ Հայաստանի վերածննդի առաջին օրերից մեր արժեհամակարգի խեղաթյուրմանն ու բառաքանդությանը՝ ստիպված ենք եւս մեկ անգամ արձանագրելու. մեր հասարակությունում  արդեն երեք տասնամյակ շարունակվում է բովանդակության ծռմռումը, քիչ թե շատ հայտնի ձեւակերպումների ու բառերի իմաստազրկումն այնքան, որ դրանք վաղուց զրկվել են սկզբնական ու հիմնական իմաստներից։

ՀՀՇ-ի իշխանության տարիներին արժեզրկվեցին արդարություն, հավասարություն, անկախություն, ընտրություն, ֆիդայի, կարեկցանք, պետականություն, թալան ու էլի շատ բառեր եւ հասկացություններ։

Նրանց շարունակողների օրոք արժեզրկվեցին աճ, բարեկեցություն, տղամարդ, քաղբանտարկյալ, բարգավաճ, խոսք, խոսքի ազատություն, գաղջություն, վիճակագրություն, կայունություն, ու կրկին՝ արդարություն, հավասարություն, թալան ու էլի շատ բառեր եւ հասկացություններ։

Ապրիլյան իրադարձությունների արդյունքում իշխանափոխությունից հետո, մի պահ թվաց, որ գոնե բառախաղությանը վերջ կտրվի, սակայն գոնե այդ առումով ոչինչ չի փոխվել։ Արժեզրկվեցին ու շարունակում են արժեզրկվել-իմաստափոխվել հեղափոխություն, ժողովրդավարություն, սեր, հանդուրժողականություն, բազմակարծություն, բարություն, հա, մեկ էլ թավիշ բառը, ու դա ենթադրել է տալիս, որ այդ շարքում կշարունակեն իրենց հաստատուն իմաստազրկված կարգավիճակը պահպանել արդարություն, հավասարություն, թալան ու էլի շատ բառեր եւ հասկացություններ։

Որպես հետգրություն՝ ֆեյսբուքյան մի գրառում, որը կարծես թե բարության մասին է. «Նույն այդ սիրո և հանդուրժողականության դրսևորումն է այն, որ ժողովուրդը անցած ազգադավ իշխանությանը քարերով չի սպանում»։

Այսքանից հետո մարդ քիչ է մնում երազի, թե երբ է մարդը կրկին ծառը բարձրանալու, չնայած կարծես թե դրան շատ չի մնացել՝ հաշվի առնելով դեգրադացման արագությունը…

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*