Մի′ թողեք, որ օտար ձայներ լսվեն ձեր աշտարակից

Բոլոր գնացողներին կանգառներն են պետք...
kinoi-tun-gisher-qaxaq2

Նույն լույսերը, նույն փողոցը, մարդիկ, ամեն ինչ կարծես հենց այդպես էլ պետք լիներ, այն ամենը, ինչ նկարվել էր գիտակցությանս մեջ, ողողվել երևակայական պատկերներով, ավելի քան իրական էր: Գիտեի՝ ուր եմ գնում, ինչու են այդ պահին դժվարություններն ավելի բարձր, սխալները՝ խոշոր, երջանկությունը՝ մանր, կարոտը՝ խորը և սպասումներն ավելի մեծ: Ծանր քայլերով, գիտակցությունս սրտիս բեռ արած՝ գիտեի՝ ուր եմ գնում: Փխրուն հողը ոտքերիս տակ, երերալով, քամիների մեջ ծանրաքայլ ընթացքով՝ գնում էի կռիվ տալու զենքերի մեջ մեծացած, վահանով հմուտ պաշտպանվող, ծանոթ-բարեկամի ձեռքի մեջ մտած, իմ աշտարակը գրավողների հետ կռիվ տալու:

Ամեն ինչ եմ տալիս, իմ նպատակների սցենարները այդ թեմաներով են գրված, իսկ ինչ-որ մեկը, չգիտես որտեղից, ավելի շուտ հասնելով՝ ծանր թաթը դրել է իմ երազանքին:

Ահա ամեն ինչ մոտիկից, այդ ձայնը, այդ լույսերը, այդ սեղանը… Դրանք իմ պատկերներն են, որոնք մաս առ մաս փորագրել եմ գիտակցությանս մեջ, տարիների հոգի եմ դրել ամեն մի մասնիկի մեջ, իսկ ինչ-որ մեկն իր անհոգի թաթը դրել է իմ աշտարակին: Օրենքներ են հորինել, սահմանադրություն են գրել, որ դրանց քծնանքով խոնարհվելով՝ ոչ ոքի ներս չթողնեն,  հավերժ դերերով ու դերասաններով ներկայացում են սարքել, որ ավելի լավ խաղացողներ չգտնվեն: Իրարից պատառ-պատառ անելով փախցնում ու հոշոտում են ինչ որ կարող են, շներ են կապում, որ իրենց փախցրածից հանկարծ չտանեն: Կառչել են ամուր իրենց բներից, իսկ շուրջը գարշահոտը ծաղիկներ է սպանում:

Ով է ասում, որ ավտոբուս ավելի ուշ նստողների համար կանգառներն այդքան էլ կարևոր չեն. բոլոր գնացողներին կանգառներն են պետք, կապ չունի՝ որտեղից ես բարձրացել, ով է ձեռք մեկնել, մեզ բոլորիս հավասար կանգառներ են պետք:

Իսկ ես…հերիք է, էլ չեմ ուզում լսել անծանոթ ձայներ իմ աշտարակից:  Եվ մի′ թողեք, որ օտար ձայներ լսվեն ձեր աշտարակից:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*