Աղքատությունը գյուղացու գլխում է, իսկ խե՞լքը…

«Վերջին ամիսներին մեր երկիրը ոչ միայն անորոշ, այլև քաղաքական բուռն օրեր է ապրում»:
gyuxaci

Վերջին ամիսներին մեր երկիրը ոչ միայն անորոշ, այլև քաղաքական բուռն օրեր է ապրում: Կարծես թե պետական կյանքը եռում է, անսպասելի լուրերի, քաղաքական ու հասարակական ակտիվ անցուդարձերի պակաս չի զգացվում, և թվում է՝ այս բուռն մթնոլորտում  ինչ-որ նոր բան պիտի ծնվի, բայց ապարդյուն…Վերջին մեկ-երկու ամսում հրապարակ նետված օրակարգերը եղել են հիմնականում անկարևոր ու շինծու, իսկ այն ինչին արժեր սպասել, նույնպես եղավ անպտուղ: Խոսքն, անշուշտ, կառավարության ծրագրի մասին է, այն ծրագրի, որի մասին ասվում էր, թե պիտի լինի հեղափոխական ու տնտեսական թռիչք ապահովող: Պարզվեց, որ այստեղ ոչ մի թռիչք էլ չկա, ոչ մտքի, ոչ թվերի, ոչ էլ երևակայության…Այստեղ կա «պետք է» և «անհրաժեշտ է» բառերի շռայլում, ինչն էլ, ըստ կազմողների և, ըստ էության, պիտի ապահովի այդ թռիչքը: Բայց, քանի որ, դա կասկածելի է, նախապես որոշված է, թե ով է լինելու այս ծրագրի ձախողման մեղավորը: Դե, իհարկե, ժողովուրդը…Էլի այս խեղճ ու կրակ ժողովուրդը, որովհետև աղքատությունը ոչ թե երկրում է կամ կառավարիչների, այլ նրանց՝ պարզ քաղաքացիների գլխում: Եվ այսպես, ըստ վարչապետի արտահայտած մտքի, ստացվում է հետևյալը, որ.

-այո՛, աղքատությունը Կառնուտ գյուղից Պետրոսի գլխում է, որ 3 տոննա բազուկը չի կարողանում վաճառել՝ տանող չկա, թե չէ ջրի գնով էլ կտա: Աղքատությունն անասնապահ խեղճ ու կրակ Գրիգորի գլխում է, որ իր չորս կովի համար նախրապանին ամեն ամիս 20 000 դրամ փող է տալիս ու ՀԴՄ էլ չի կարող պահանջել… Որ կովի կաթն էժան է տալիս, երեխուն էժան է հագցնում, ինքն էլ 3 տարին մեկ իրեն մի շալվար հազիվ  է առնում: Այո, աղքատությունը Գրիգորի գլխում է, որ տրակտորիստին ու կոմբայնավարին նույնպես մի փեշ գումար է տալիս ու էլի ՀԴՄ չի կարող պահանջել…Նույնը չի կարող պահանջել իրենց գյուղի Մանուշի խանութից գնումներ կատարելուց հետո, որովհետև հաճախ ապառիկ է գնում: Ու մենակ Գրիգորը չէ, ողջ գյուղն է այդպես ապրում, բացի տրակտորիստից ու կոմբայնավարից…Դե,արի, Գրգորին ասա. «Ա՛յ ախպեր, արի մասնակցիր մեր երկրի տնտեսական հեղափոխությանը, որ  քեզ ազգի դավաճան չհանենք, որ դու հակահեղափոխական չդառնաս, որ դու լավ ապրես, դու էլ աղա դառնաս…»: Ասա, Գրիգո՛ր, ինչո՞ւ բիզնես չես դնում, ինչո՞ւ վարկ ունես, ինչո՞ւ ապրանքը խանութից ապառիկ ես առնում, ինչո՞ւ են կարկտածեծ, անտեր մի հեկտար  անջրդի արտդ էլի ցորեն չես ցանում…Ինչո՞ւ էն մինուճարիդ չես պսակում ու թողել ես, որ էլի խոպան գնա. թող այստեղ աշխատի՝ ի՞նչ տարբերություն, թե որտեղ են առանց գրանցել աշխատեցնում ու վերջում էլի խաբում…Ասա, Գրիգո՛ր, դու աղքատ ես, դու հեղափոխական Հայաստանին անտեղյակ, մեր ոգուն անհաղորդ, դու ալարկոտ աղքատ ես, իսկ էն քրտինքը, որ անօգուտ ամեն օր քո գլխից թափվում է, քոնը չի, ուրիշինն է. որ քոնը լիներ քեզ օգուտ կտար, մորդ թոշակը շատ կլիներ… Դու աղքատ ես, որովհետև խեղճ ես, էնքան խեղճ ես, որ էսքան ժամանակ դուրս չեկար ճամփա փակեիր, թե մեր գյուղին գերմանական կոմբայն տվեք, էն որ 85 000 դոլար է. սովետականը բերքի կեսը արտում է թողնում: Դու խեղճ ես, Գրիգոր, դու խեղճ ես շատ հարցերում…Վերջապես դու խեղճ ես, որովհետև լիքը գործ կա թափած ու չես գնում աշխատես… Հրես (ա՛յ մարդ, սրանք սկի՞ ֆեյսբուք չեն մտնում…), խնդրեմ, գրած է՝ «#Գործ կա. այթի ոլորտում». լավ էլ փող են տալիս…Չէ, դու ընդունիր, որ ուղղակի չես ուզում աշխատել, որովհետև դու աղքատ ես, իսկ աղքատի հոգեբանությունը փիս է` մեր Ցոլակյանի ասած.  «աղքատի վրայից 10-20 տարի հոտ է գալիս»…Դե, Գրիգո՛ր, որոշիր,կամ ՀԴՄ ու մասնակցություն (բիզնես կամ չգիտեմ ինչ) կամ հակահեղափոխություն…Հա, մի բան էլ, դու էն ախմախ, ամբախ-զամբախ ալիքները մի նայիր (ես եղել եմ լրագրող, գիտեմ դա ինչ ա), դու ինձ լսիր, ինձ …Լսիր ու կտեսնես, որ մի օր կդառնաս աղքատ հպարտ քաղաքացի…

Ցավալիորեն, վարչապետի ասածն ու նրա կառավարության ծրագրի էությունը հենց սա է: Աշխատատեղեր, գործարար ակտիվություն, ներդրումներ, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում մի սպասեք, կառավարությունը ոչինչ ձեզ համար չի անելու, եթե անելու լինեք, դուք պիտի անեք, միայն դուք…Դուք եք մասնակից դարձել ու  նրան բերել իշխանության, հիմա էլ պիտի մասնակից դառնաք տնտեսական հեղափոխությանը…Ի՞նչ է, մինչև հիմա պարզ չէ՞ր, որ երկիր պահողը, ցորեն ցանողը, արտ վարողն ու հարկեր մուծողը աշխատասենյակում նստած բարձրաստիճան պաշտոնյան չէր, այլ արդար քրտինք-վաստակով ապրող հայ շինականն ու գործարարը: Բայց նրանք բոլորը կարող էին ավելի մեծ բարիք ստեղծել, եթե նրանց գլխին արդար ու գործունյա, ելքեր փնտրող և ուղի հարթող կառավարություն լիներ…Չկար ու քեզ օգնեցին, որ գաս…Որովհետև քեզ հավատացին, դու ասացիր, որ էս երկրում փող կա, որ կարելի է թոշակ բարձրացնել, որ կարելի է աշխատատեղ բացել, էժան վարկեր տալ, աշխատավարձ բարձրացնել…Հիմա, ի՞նչ պարզվեց՝ «տղան հասավ իր մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին… »: Բա էս ժողովուրդը ձեզ ինչո՞ւ պիտի աշխատավարձ տա իր գրպանից, եթե չեք պատրաստվում ուղի ցույց տալ, ճամփա հարթել…Պիտի հարկվի, որովհետև իր գլխում ծաղկում է աղքատությունը, իսկ վարքը միայն խեղճի՞ է… Բա ինչի՞ համար է ձեր գլխի խելքը…Հուշեք նրան, որ մտածի ժողովրդին դուխ տալու մասին՝ գործով, ոչ թե միայն խոսքով: Ժողովուրդը կվճարի ձեզ, նույնիսկ շռայլ պարգևավճարներ կտա, միայն թե նրան ուղի ցույց տվեք…

ԱՐԹՈԻՐ  ՄԿՐՏՉՅԱՆ

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները