Արցախի շուրջ օղակը սեղմվում է, իսկ մենք օրակարգը շեղելու համար հազար ու մի թեմաներ ենք շրջանառում․ Հարություն Հարությունյան

«Իսկ մեր մոտ գերիշխում և ավելի թափ է հավաքում ատելությունն ու անհանդուրժողականությունը․․․»
artsakh-stepanakert2 (1)

Հարություն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Փորձագետները արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա և ընդունում եմ մի բանաձև, որը անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

Ի՞նչ ունենք մենք դուխովների հեղափոխությունից հետո: Ատելություն հասարակության ներսում, Արցախյան պատերազմի հերոսների մեկուսացում, մյուսներին՝ սսկվելու համար բացված քրեական գործեր, անդարդների խրախճանքների շարք… Հասել ենք մի կետի, երբ մարդուն կալանավորելու համար շամպայն են բացում, քեֆ անում, և սա այն դեպքում, երբ ոչ հեռավոր անցյալում, երբ կալանավոր էր ազատվում, թաղեցիներով հավաքվում՝ գնում էին աչքալուսանքի, իսկ երբ կալանավորում էին, հարևաններով, բարեկամներով կալանավորի ընտանիքին աջակցում էին, դուխ էին տալիս:

Հասել ենք մի կետի, երբ Ֆեմիդան խեղդվում է կոյուղաջրերում, ձեռք գցող չկա, իսկ նրա արձանի մոտ երդվում են: Արձանին էլ են խաբում: Դուխով են խաբում:

Հասել ենք մի կետի, երբ Հայաստանի մի մասնիկի՝ Արցախի շուրջ օղակը սեղմվում է, մենք օրակարգը շեղելու համար հազար ու մի թեմաներ ենք շրջանառության մեջ գցում՝ Մարտի 1, ինքնապարգևատրումներ, տնտեսական աճի մասին կեղծ վերլուծություններ, ում ժամանակ գազը քանի տոկոս թանկացավ, առանց մանրամասնելու, թե ինչո՞ւ այդպես եղավ և այլն: Հասել ենք մի կետի, երբ հրճվում ենք, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, և 131 կողմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվում, որ երկրորդ կարծիքը դիտարկվում է պատվեր կամ ուղղակի սրիկայություն, որ առանց մրցույթի, մեկ աղբյուրից կատարված գնումները քննարկման ենթական չեն, իսկ եթե դեմ ես, ուրեմն հակահեղափոխական ես:

Մամուլի վրա հարձակումները որակվում են նորմալ, մասնագիտական հ/կ ները, որ նախկինում չէին դադարում քննադատելուց, հիմա խորհրդավոր լռում են և անթաքույց համաձայն են: Մշակույթը մորթում ենք, սփյուռքը արհամարհում… Աշխարհի մեծերը քարտեզը դրել՝ ձևում են, մեջ-մեջ անում, մենք մեր «բազառը» իրար մեջ ենք տանում, խուժան կռիվ, որ հատուկ է անմեղսունակներին: Այնքան անմեղսունակ, որ մի մասը ուրախանում է, թե տեսեք՝ Նիկոլին Ալիևը դեմ ա տվել, իսկ մյուս մասը՝ տեսեք, մեր Նիկոլը Ալիևին Հայաստանի պատմության գիրք է տվել: Այնքան անմեղսունակ, որ չենք ուզում հասկանալ, որ Ալիևը մեզ բոլորիս, ողջ հայությանն է դեմ տվել պատին ու ժպտում է:

Հայաստանում քաղաքական համակարգը գլխատվեց, հերթը կառավարման համակարգինն է, այն խելահեղ արագությամբ փոշիացվում է: Ինչի՞ համար, ու՞մ համար, ում է դա ձեռնտու… Եթե շաբաթներ առաջ այս հարցի պատասխանը փնտրվում էր, այսօր արդեն այն պարզաջրվում է. Արտերկրի փորձագետները, վերլուծաբանները, ոչ պաշտոնական խոսնակները, արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Բայց իմացեք, Արցախով չի վերջանալու այս ամենը, թուրքական ստամոքսը ընդարձակվելու հատկություն ունի: Այդպես եղել է, այդպես կա, այդպես լինելու է:

Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա և ընդունում եմ մի բանաձև, որը անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

Իսկ մեր մոտ գերիշխում և ավելի թափ է հավաքում ատելությունն ու անհանդուրժողականությունը: Դրա դեմն առնելու մի տարբերակ կա և դա կարող է անել միայն մեկ մարդ՝ նա, ով սերմանել է: Որքան էլ, որ դժվար լինի հետքայլ անելը, այդ քայլը պետք է արվի: Հիմա մեզ համախմբվելու և ուժերը մեկտեղելու այլընտրանք չկա: Կամ-կամ: Իսկ հետո կարելի է նստել և հասկանալ մնացածը: Եթե դա չեղավ, ոչ ոք թող չկարծի, թե ազատվելու է դատաստանից: Սահմանագլխին իջնելու է արգելափակոցը, նույնիսկ ինքնաթիռները փրկություն չեն: Հայը «Նեմեսիս» հեղինակած և մարսած ազգ է: Դրան չպետք է հասնենք»:

*

*