Կար ժամանակ, երբ…

«Հեշտ է քնելը, երբ մեղավորն ուրիշն է...»
ashun-tsaruxi2

Սպիտակ թղթի առջեւ ես նստել նախապես չձեւակերպված, մտքումդ չկերպավորված ասելիքով, որովհետեւ ներսումդ քաոտիկ է ամեն բան, անգամ՝ շնչառությունդ: Ավելի շատ մատներիդ ես նայում, քան տողերիդ, իսկ զգացածդ իրեն պատեպատ է տալիս, դուրս գալ է ուզում (թեկուզ թղթին շարվելու համար), բայց համառորեն վճռել ես՝ հարկավոր չէ, թող զուսպ լինի…

Հեշտ է քնելը, երբ մեղավորն ուրիշն է. նրա վրա ես դնում իմացածդ, պատկերացրածդ ողջ բեռն ու փակում ես աչքերդ: Սրտիդ զարկերը, սակայն, օտար աղմուկից ավելի բարձր են, այնքան բարձր, որ ուշադրություն են գրավում, ու «մեղավորը» նստում է հենց փակ աչքերիդ կողքին, բռնում է ձեռքդ ու կիսաքուն իրականություն է տանում, որտեղ դու անընդհատ կռիվ ես տալիս լաբրիրինթոսի վերջի լույսը գտնելու, դրան հասնելու համար…

Նոր տարվանից այլ կերպ ես ապրելու, չէ, երկուշաբի օրվանից, էս մի միջոցառումն էլ անցնի, հիմա բարդ շրջան է, սրանից հետո… Ուզածդ օրն այդպես էլ չի գալիս. կենսական շրջապտույտից գլուխդ ազատել չի լինում: Մեղքն «ուրիշի» վրա ես գցում ու ամենասովորական ձեւով փողոց ես դուրս գալիս՝ հերթական սովորական օրդ անցնելու ու համառորեն փորձելով հասկանալ՝ ինչու:

Անձրեւում է, ու անձրեւն այն փոքրիկ աղետն է, որ մարդկանց մի փոքր հոգատար է դարձնում, անձրեւում է, ու դա բավարար է, որ ժպտաս. թացության խորքում՝ մառախուղի մեջ, հեքիաթայինն ես գտել… ու մտածում ես՝ չլինի հենց դա է «ինչո՞ւ»-ի պատասխանը:

Որովհետեւ պատկերներ կան, գեղեցկություն կա, որ ոչ մի օբյեկտիվում չես տեղավորի, եթե անգամ աշխարհի լավագույն լուսանկարիչը լինես, պատկերներ կան, որ ոչ մի ձեւով չես փոխանցի, չես պատմի ուրիշներին, որովհետեւ չես փոխանցի դրանց էությունը, կարեւորությունն ու զգացմունքայնությունը, չես նկարագրի ոչ մի բառով, ոչ մի կերպ, ու անգամ պատկերներ կան, որ քո աչքերի տեսադաշտում չես տեղավորի, որովհետեւ տեսողությունդ շատ ավելի փոքր է, քան հոգիդ, պատկերացումդ, քան դրանց եւ քո անվերջության սպասումը: Որովհետեւ մանրուքներ կան, որ ամենակարեւորից ավելի կարեւոր են, բայց ուրիշ ոչ ոք չի հասկանա՝ ինչու: Կարեւորը, որ այդ պատկերները կան ու դառնում են սրտի զարկ, զարկեր, ռիթմ, երբ թվում էր՝ վաղուց չես զգացել ներսումդ նրա շարժը, գոյությունը, ու ինչ փույթ, թե ոչ մեկ չի հասկանա, թե ինչքան կարեւոր է գտնել հարցիդ պատասխանը, գտնել էականը:

Կար ժամանակ, երբ էականը շատ էր, ու դու անընդհատ փնտրում էիր այն, փնտրում էիր ապագա կյանքդ, ու վաղուց չես նկատել անգամ, որ էդ փնտրումն էլ չկա, ու դու չես ստեղծում, չես արարում ոչինչ, անգամ երեւակայությամբ: Առաջ գիտեիր՝ եթե լինեմ այնտեղ, եթե հանդիպեմ այս մեկին, եթե գտնեմ այն ճանապարհը… Հիմա միտքդ զբաղված է ստեղծածդ մաքրելով, ու այդ վերագործարկումն ինքն իր որոշմամբ է կայացրել, իսկ տեղը լցնում է հիասթափությամբ, անսպասումով, անոգեւորությամբ եւ անկարեւորով:

Առաջ համոզված էիր՝ լավը, բարին են հաղթում միշտ, լավը, բարին են կարեւոր՝ միշտ, հիմա՝ ներսիդ համակարգը կարգավորումներում փորձում է նոր գործիք ավելացնել՝ «ի՞նչ տարբերություն»: Էնպես չի, որ համակարգիդ փոփոխությունները սրտովդ են, ու համառորեն կռիվ ես տալիս… Հետո գալիս են ոչ մի օբյեկտիվում չտեղավորվող հիշողությունները, կանգնեցնում են մի պահ ներսիդ գործընթացներն ու նորից ստիպում են հորինել, հավատալ, ուզենալ… մի պահ:

Դուրս ես գալիս սովորական օրդ ապրելու, անձրեւ չկա, չկան օբյեկտիվից դուրս կյանքեր, չկան հոգատար մարդիկ ու չկաս դու… միայն ներսիդ համակարգն է, որ գիտի՝ ինչ անել՝ ուղղակի, սովորականի պես:

ԱՆԻ ՌԱՓՅԱՆ

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները