Անանունները մենք ենք

Խմբում մենք բոլորս գիտենք, անանունները մենք ենք, մեր կողքի ժպտացող աղջիկը, մեր քույրը, կամ էլ այն մեկը, որ անցավ ու չբարեւեց։
dimak-kin

«Անանունը» սիրահարվել էր։ Դե ինչպես յուրաքանչյուր սիրահարված ու գլուխը կորցրած աղջիկ, իր սիրո օբյեկտի համար պատրաստ էր ամեն ինչի։ Չէ՞ որ սերը բառերով չես բացատրի, քո փոխարեն գործողություններն են խոսում։ Այս անգամ, ինչպես շատ անգամներ, տղան անպիտանի մեկն էր դուրս եկել, աղջկա անունով վարկ էր վերցրել ու անհետացել։ Գումարը մեծ չէր՝ 50,000 դրամ, բայց դե չաշխատող աղջկա համար, ով վախենում էր ծնողների հետ խոսել իր 19 տարեկանին հատուկ հիմարության մասին, բարդ էր գտնել գումարը ու հաղթահարել իր սիրո «պտուղները»։ Խմբում հավաքվեցինք՝ մեծից փոքր, խորհուրդներ տվեցինք։ Չմեղադրեցինք, դե մեզնից ո՞ր մեկը չի եղել մի քիչ 19 տարեկան, մի քիչ էլ հիմար։ Նույնիսկ դրամահավաք կազմակերվեց։ Մարզում ապրող ու աշխատանքի ոչ մի տարբերակ չգտնող աղջկա վարկը փակվեց, ինքն էլ խոստացավ այսուհետ մի քիչ ավելի «խելացի սիրել», երեւի ինքն էլ չհասկանալով, թե ինչ է խոստանում։ Կասկածամիտներին հանգստացնելու համար ասեմ, որ մի քանիսի համար աղջկա անձը գաղտնիք չէր, ճանաչում էին, ֆեյք չէր ու պատմությունն էլ իրական էր․ մանրամասն ստուգվել էր, դրամահավաքն էլ խմբում արգելված է, սա բացառություն էր` առաջինն ու երեւի վերջինը։ Խնդիրն ու պարտքի չափը շատերիս համար պրիմիտիվ էր, մանր ու նույնիսկ զվարճալի, բայց վստահ եմ՝ ոչ անանունի համար։ Նրա համար, գուցե, մեծ հարց լուծեցինք։

Օրեր անց ֆեյսբուքյան այս խմբում, որտեղ մոտ 50 հազար կին օգտատեր կա, իրարանցում է տիրում։ Պատճառը՝ լրագրողներից մեկի դիտարկումներն են խմբի թերեւս ամենախոցելի մասի՝ «անանունների» վերաբերյալ։ Խմբի անդամներն ու խմբի մասին լսածները հասկացան՝ ինչի մասին է խոսքը։ Մյուսների համար ասեմ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործում է կանանց մի խումբ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր պատմությունն ուղարկել խմբի ադմինին ու հետո կարդալ մյուս անդամների խորհուրդները, մեկնաբանությունները, ինչո՞ւ չէ, նաեւ մեղադրանքներն ու հորդորները։ Այստեղ կարեւորն անձի գաղտնիությունն է, հարցատուի անձի մասին իմանում է միմիայն խմբի ադմինն ու ուրիշ ոչ ոք։

Դիմում են տարբեր հարցերով՝ ընտանեկան բարդ իրավիճակներից, սիրային խճճված պատմություններից մինչեւ սեռական կյանքին առնչվող հարցեր։ Երբեմն լինում են այնպիսի դեպքեր, որ սարսափից ու սեփական անձիդ մանրությունից տեղդ չես գտնում։ Անանունների գրառումներից գրեթե բոլորն ավարտվում են այս տողերով՝ «խնդրում եմ չքննադատեք, սխալներիս ուշադրություն չդարձնեք, վատ իրավիճակում եմ»։ Հա, նաեւ չեն մոռանում ներողություն խնդրել երկար գրելու համար՝ եւս մեկ անգամ խնդրելով, որ եթե վիրավորելու են, ուղղակի «անտարբեր անցնեն գրառման կողքով»։

Քիչ չեն սրտացավ, հարազատաբար մոտեցող, խորհուրդներ տվող օգտատերերը։ Ես էլ, ինչպես կռահեցիք, խմբի անդամներից մեկն եմ։ Անանուններին ու իրենց պատմությունները չենք մոռանում, հետաքրքրվում ենք՝ ինչ եղավ վերջում, հետեւե՞ց մեր խորհուրդներին, թե՝ ոչ։

Վիրավորողները, ինչպես արդեն նշեցի, քիչ չեն, վիրավորողներին վիրավորողները՝ նույնպես։ Ասում ենք, խոսում, լսում իրար, կռվում, հաշտվում, չհաշտվողների համար էլ խումբը լքելու կոճակը կա ու կա։ Մարդ ենք, բոլորս ենք մարդ, հետո էլ՝ նույն սեռը կրողն ենք ու գիտենք՝ ապահովագրված չենք մի օր անանուն լինելուց։

Գրառումները լեզվական տեսանկյունից, մեղմ ասած, տխրեցնող են։ Երբեմն վերծանում ենք գրածները․ հայատառ կամ լատինատառ, առանց կետադրության, սարսափելի տառասխալներով ու մտքի անհասկանալի շարադրանքով։ Բովանդակային տեսանկյունից նույնպես ահագին սարսափազդու է։ Կարդալիս կարող ենք ականատես լինել մեր հասարակությանը հատուկ բազմաթիվ արատների՝  մարդու տարրական  պահանջների, իրավունքների մասին զրո գիտակցություն, հիմնականում տրամաբանության բացակայություն, իրար հակասող մտքերի շարան։ Մեկ-մեկ շատերը չեն դիմանում ու սկսում են սխալների ուղղում անել՝ ոմանք ագրեսիայով, ոմանք՝ սիրով ու սովորեցնելու մեծ ցանկությամբ։ Բայց մարդու անելանելիությունը տեսնելիս ամեն ինչ մի կողմ է մղվում։ Ի՞նչ կարելի է ասել մեկին, ով զրկվել է նույնիսկ իր անունից։ Ի՞նչը կարող է ստիպել մարդուն ներկայացնել իր պատմությունն ու չստորագրել դրա տակ, եթե ոչ ծայրահեղ վիճակը։ Շատերն են նշում, որ, որպես միակ ելք տեսնում են ինքնասպանությունը ու ինչ-որ մեկի տված լեզվական դասերը դժվար թե փրկեն իրավիճակը։

Վերադառնանք խմբի իրարանցմանը։ Գուցե թվա՝ որ եղել է խիստ քննադատություն, որին խմբի անդամները չեն կարողացել հակադարձել կամ ընդունել, բայց խմբին, պատմություններին, ներսի խժդժություններին ծանոթ մարդը կարող է փաստել․ քննադատություններ լինում են եւ խմբի ներսում։ Պատճառը մտահոգության, ապրումակցման, կարեկցանքի պակասն է ու մեղադրանքի մեծ չափաբաժինը, մի քիչ էլ՝ արդեն հարազատ դարձած կանանց շրջանում արված գրառումը խմբից դուրս քննարկելը։ Միայն մենք գիտենք, թե քանիսի հետ ենք զրուցել երկար, համոզել, օգնել, որ ոտքի կանգնի, իսկ այսքանից հետո, երբ մեկն ուղղակի վեր է կենում ու սեփական անունից հրաժարված մարդկանց, այն է՝ խմբի ամենախոցելի մասին, անարգանքի սյունին գամում, հանդուրժել չի կարելի։ Թվում է՝ դիտարկումները մեր հասարակությանը հատուկ այն նույն շղթայի մաս են, որով մեղադրում են ակնհայտ «մեղավորին», ընկածին, թույլին, առանց նայելու խնդրի ավելի խորը արմատներին։ Դա էլ երեւի մի ձեւ է մյուսներից ավելի ուժեղ ու լավը զգալու․ դիմացինը դժվար թե հակադարձի ու համարժեք պատասխան տա։ Բայց ինչքան էլ հերքենք, անտեսենք, անանուն գրառում կատարողները մեր հասարակության մի մասն են ու ոչ թե մեղադրանքի, այլ կարեկցանքի ու օգնության կարիք ունեն։

Խմբում մենք բոլորս գիտենք, անանունները մենք ենք, մեր կողքի ժպտացող աղջիկը, մեր քույրը, կամ էլ այն մեկը, որ անցավ ու չբարեւեց։ Գուցե մեզնից ոմանք ավելի գրագետ են գրում, բայց մեր մեջ են այն պատմությունները, որոնց այս կամ այն կերպ արձագանքում ենք։ Չէ՞ որ մենք ենք ընտրում՝ որ պատմությանն անդրադառնալ, քննադատել, հասկանալ, ընդունել, կամ չընդունել, օգնել, կամ, մեր խոսքերով հողին հավասարեցնել մարդուն։

Ծանոթ հոգեբաններիցս մեկը հաճախ է հիշեցնում՝ այն, ինչին մենք հակառակվում ենք, մնում է։ Մնում է գտնենք, թե ի՞նչն է մեր մեջ մնացել ու այդքան խորը հետք թողել, որ տրամադրում ենք մեր ժամանակը ուրիշների՝ ինչ-որ կամ գուցե հենց կոնկրետ խնդիրներին լուծում փնտրելու, թեկուզ քննադատելու ու դատապարտելու համար։

Հեղինակ՝

Անժելա Պողոսյան

*

*