Երևանի ավագանու ընտրություններ. կանխատեսումներ Gallup-ից եւ Ահարոն Ադիբեկյանից

«Եվ դա հենց այն մեծամասնությունն է, որով նրանք կարող են ղեկավարել քաղաքը»։
yerevan qaxaqapetaran

Երեւանցիների 72.3 տոկոսը առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին ձայն է տալու ՀՀԿ-ին և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին: Նիկոլ Փաշինյանին ձայն է տալու քաղաքացիների 15.5 տոկոսը, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ 4.7 տոկոսը:  Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված վերջին հետազոտության արդյունքները մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:

Նա տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են 1074 մարդկանց շրջանում, մեթոդը՝ դեմ առ դեմ, իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 2-9-ը:

Իսկ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝  ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 70 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 20  տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 10  տոկոսը:

«Հանրապետականը կարող է ունենալ նվազագույնը 64-65 տոկոս ձայն, և այդ դեպքում «Ելք»-ը կունենա 22-23 տոկոս, «Երկիր Ծիրանի»-ն՝ 12-13 տոկոս: ՀՀԿ-ն կունենա մոտ 45 ավագանու անդամ: Եվ դա հենց այն մեծամասնությունն է, որով նրանք կարող են ղեկավարել քաղաքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգը:

*

*