ՀՅԴ ծրագիրը լուրջ ու բացառիկ է․ Գնել Տիգրանյան

ՀՅԴ-ն ներկայանում է լուրջ քաղաքական ծրագրով, որի ամփոփ ուղերձն է` «Կիրթ, բարեկեցիկ և գրավիչ Վանաձոր»:
vanadzor

Հասարակությունը հաճախ է խոսում ՀՅ Դաշնակցության կառույցների, անդամների և համակիր շրջանակի անդավաճան ու նվիրված համախմբման մասին: Եվ դա իսկապես այդպես է. Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց  Լոռու մարզի ՀՅԴ պատասխանատու մարմնի ներկայացուցիչ Գնել Տիգրանյանը:

«ՀՅԴ-ն երբեք պարզունակ անդամահավաքով զբաղվելու խնդիր չի ունեցել: Դաշնակցությանն անդամակցում է այն մարդը, ով իսկապես չի կարող մաս չկազմել կուսակցական կառույցներին: Շատերը, հազարավորները մնում են համակիր, կիսում մեր գաղափարներն ու սկզբունքները և քաղաքական գործընթացների ու ընտրությունների ժամանակ իրենց աջակցությունը հայտնում մեզ: Այս երկու օղակների համադրումը այսօր իր արտացոլումն է գտել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ՀՅԴ համամասնական ցուցակում. Վանաձորում ՀՅ Դաշնակցության քաղաքային կոմիտեն գործնական դաշտ է տեղափոխել դաշնակցական-համակիր` երկարամյա տեսական դրույթը»,- ասաց Տիգրանյանը:

ՀՅԴ համամասնական ցուցակի ձևավորումը, ըստ նրա, բացարձակապես խնդիր չի առաջացրել, և դրա հրապարակումն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Ըստ նրա` քարոզարշավի գրաֆիկն այնպիսին է /կոլեկտիվ և թաղամասային հանդիպումներ, անհատ ընտրողներ/, որ թիմը գործում է միասնաբար` ներկայացնելով կուսակցության միասնական ծրագիրը, գաղափարն ու տեսլականը:

«Մեր համակիր ընկերները կուսակցական գաղափարախոսությունը գիտեն և ընդունում են ոչ պակաս, քան կուսակցական ընկերները»,- նշեց Տիգրանյանը:

Նույն սկզբունքով աշխատանքներն իրականացվում են կուսակցության` երկու տասնյակի հասնող նախընտրական շտաբները: Այստեղ ևս համակիր-կուսակցական որևէ օտարում չկա:

«ՀՅԴ համամասնական ցուցակը նախանձախնդիր է, իր կազմով բացառիկ և ընդունելի հասարակության բոլոր շերտերի համար: Այստեղ կողք կողքի են մտավորականն ու գործարարը, մանկավարժն ու աշխարհահռչակ մարզիկը, երկարամյա կառավարման փորձ ունեցողն ու ուսանողը: Իսկ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը, ով գտնվում է Վանաձորում Դաշնակցության ձևավորման ակունքներում, բացառիկ պարկեշտ ու սիրված անձնավորություն է, հավատավոր կուսակցական և անդավաճան ընկեր»,-վստահեցրեց Տիգրանյանը եւ հավելեց, որ ընտրողին ՀՅԴ-ն ներկայանում է լուրջ քաղաքական ծրագրով, որի ամփոփ ուղերձն է` «Կիրթ, բարեկեցիկ և գրավիչ Վանաձոր»:

Որքան էլ այսօր փորձեն ՏԻՄ ընտրությունները ներկայացնել իբրև ոչ քաղաքական գործընթաց, ըստ Տիգրանյանի, դա այդպես չէ` կուսակցության մասնակցությունն արդեն իսկ քաղաքական ազդակ է:

«Մեր պարագայում սա հստակ ու աներկբա է: Ազդեցիկ անհատականությունների գործունեությունը թիրախավորվում է կուսակցության գաղափարախոսության շրջանակում: Մյուս կողմից` թիմային պայքարը բոլորովին չի ստվերում անհատի ազատությունը: Ահա այս սկզբունքով է ձևավորվել նախընտրական մեր ծրագիրը, և հաղթելու պարագայում` դրա իրականացումը ևս ենթադրում է ամբողջական աշխատանք: Թե՛ ավագանու և թե’ քաղաքի ապագա գործադիր մարմնի մեր ընկերների գործունեությունը մշտապես գտնվելու է կուսակցության ուշադրության և հսկողության կենտրոնում: Իսկ հաղթանակը կասկած չի հարուցում: Դա են վկայում և փաստում քարոզարշավի ընթացքն ու հասարակության տրամադրվածությունը»,- հայտարարեց Տիգրանյանը:

Վերջում նա դիմեց վանաձորցիներին. «Սիրելի’ համաքաղաքացի, ընտրությունը կատարիր ծրագրային հենքի վրա: ՀՅ Դաշնակցության ծրագիրը իրատեսական է, բացառիկ: Քո քվեով դու պարտականություն ես դնում կուսակցության վրա և ունենալու ես քո խնդիրների լուծման իրական պատասխանատու: Հանուն մեր քաղաքի` մենք պարտավոր ենք գործել միասնաբար»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները