ՀՅԴ-ն երեկոյան կհստակեցնի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը

Երեւանի ավագանիում այսօր ներկայացված է 3 խմբակցություն՝ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Բարեւ Երեւան»:
hyd

 

Երեւանի ավագանիում այսօր ներկայացված է 3 խմբակցություն՝ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Բարեւ Երեւան»: Նրանցից միայն ՀՀԿ-ն է այս պահին հայտարարել մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին. ցուցակը գլխավորելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդը շախմատիստ Սմբատ Լպուտյանն է:

Մեծությամբ երկրորդ խմբակցության հարցում անորոշություն է. եթե «Ծառուկյան» դաշինքը մասնակցի ընտրություններին, խմբակցության անունն ամենայն հավանականությամբ կփոխվի, բայց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը մասնակցության մասին որոշում դեռ չունի:

«Բարեւ Երեւանը» Երեւանի նոր ավագանու կազմում չի լինի. 2013-ին այս խմբակցությունը ձեւավորած «ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններում պարտվեց, ավագանու ընտրություններին չի մասնակցի: «Բարեւ, Երեւանի» կազմից Անահիտ Բախշյանը ընտրություններին կմասնակցի «Ելք» դաշինքի հետ միասին: Դաշինքի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, երկրորդը Արայիկ Հարությունյանն է:

Մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը ՀՅԴ-ն կորոշի երեկոյան՝ Երեւանի քաղաքային եւ տարածքային կոմիտեների համատեղ նիստում:

Ավագանու ընտրություններին ընդառաջ՝ աշխատանքներ են ընթանում Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունում: Փոստանջյանը ընտրություններին մասնակցելուն դեմ չէ, բայց հստակ որոշում դեռ չկա:

*

*