«Մայքրոսոֆթ»-ի կորպորատիվ փոխնախագահը հուսով է, որ ՀՀ-ն տարածաշրջանի առաջատարը կլինի ՏՏ ոլորտում

«Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահը տեսաուղերձով է միացել համաժողովին:

«4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղի դեպի արդյունավետ եւ ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովն արդեն մի քանի տարի է մեկ հարկի տակ է համախմբում աշխարհի տարբեր ծայրերից ՏՏ ոլորտի մասնագետներին՝ նպատակ ունենալով ներկայացնել բարձր տեխնոլոգիների եւ նորարարական լուծումների կիրառման համաշխարհային փորձն, ինչպես կառավարման ոլորտում գործող պետական մարմիների, այնպես էլ պետական հատվածի կազմակերպությունների համար:

«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի եւ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կնպաստի, որ Հայաստանն առաջատար լինի տարածաշրջանում»,- ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը:

«Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահը տեսաուղերձով է միացել համաժողովին: Օրակարգում կրթության, առողջապահության, ենթակառուցվածների եւ կիբերանվտանգության հարցերն են:

«Այստեղ են «Մայքրոսոֆթ»-ից հրավիրված բազմաթիվ փորձագետներ: Վստահ եմ՝ իրենց փորձով կկիսվեն, ինչն էլ կնպաստի հետագա համագործակցությանը»,- ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը:

«Մենք ունենք ավելի քան 200 ստարտափ, կրթել ենք ՏՏ ոլորտի 2500 ուսանողի եւ կարողացել ենք իրականցնել ավելի քան 1.5 մլն դոլար ներդրում տարբեր ծրագրերում: Եվ կարող եմ ասել, որ սա միայն սկիզբն է»,- ասաց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի «Մայքրոսոֆթ» կորպորոցիայի հնարային ոլորտի աշխատանքների գծով գլխավոր տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պետական, մասնավոր եւ հասարակական գործունեության առաջընթացը չի պատկերացնում առանց տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիների զարգացման: Մինասյանն ասում է՝ ոլորտի հաջողությունների երկարակեցության գրավականն ամուր կրթական հիմքն է: Այս նպատակով են բացվել ուսումնական մի շարք կենտրոններ եւ լաբորատորիաներ:

«Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեծ է ռազմարդյունաբերության մեջ, հատկապես հիմա մենք դրա կարիքը առարկայական զգում ենք: Կարեւորելով ՏՏ ոլորտի գործունությունը տնտեսության զարգացման գործում՝ կառավարությունն այն ճանաչելով գերակա ուղղություն, հետեւողական աշխատանք է տարել վերջին տարիներին՝ ոչ միայն պահպանելով ոլորտի զարգացման կայուն տեմպերը, այլեւ նորանոր նախադրյալներ է ստեղծել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների ապահովման գործում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով, մասնավոր հատվածի հետ կառավարության համագործակցության առանցքում նաեւ բարձրորակ կադրերի պատրաստումն ու ենթակառուցվածքների շարունակական զարգացումն է:

*

*