ՏՏ առցանց ակադեմիա է ստեղծվում

ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում դեկտեմբերի 14-ին ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր...
tt

ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում դեկտեմբերի 14-ին ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր՝ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ԿԳՆ «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» միջև:

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում սույն հուշագրի ստորագրումը հիմք է հանդիսանալու Հայաստանի ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունների ուսուցման  որակի բարձրացման, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության հետ համատեղ նոր կրթական ծրագրերի մշակման ու իրականացման համար:

«Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ ունենալու առաջին նախապայմանը կրթական հաստատություններում այս ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է: Ոլորտի միջազգային ընկերությունների հետ համագործակցության միջոցով մենք կկարողանանք միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ կրթական միջավայր ստեղծել մեր ուսանողների համար՝խրախուսելով նաև առցանց գիտելիք ստանալու, ինչպես նաև ՏՀՏ կիրառության անվտանգության սկզբունքներին հետևելու մշակույթը Հայաստանում»,- նշեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանը:

Համատեղ ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» կողմից  Տեղեկատվական Տեխնոլոգիաների առցանց Ակադեմիայի հիմնում, որը կարող է խթանել համակարգչային գիտելիքների և հմտությունների զարգացմանը և ժամանակակից  աշխատաշուկայի ձևավորմանը:

«Առցանց դասընթացները վաղուց իրականություն են և ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից: Սակայն դրանք հիմնականում անգլալեզու, վերջին շրջանում նաև ռուսալեզու ռեսուրսներ են: Կարծում եմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը և համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլկտա ունենալ նաև հայալեզու օնլայն դասընթաց, որից կարող են օգտվել ոչ միայն մեր քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները»,- ընդգծեց «Ինֆորմատիկայի պետականքոլեջի» տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը:

«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը ևս վստահ է, որ համատեղ կրթական ծրագրերը հիմք կնախապատրաստեն ոլորտի կրթական զարգացման ու ավելի ծավալուն ծրագրերի իրականացման համար:

«Սոֆթլայն ընկերությունը կարևորում է ՏՀՏ ոլորտում ընդհանուր իրազեկվածությունը, ինչպես նաև ՏՀՏ կիրառման անվտանգության վերաբերյալ գիտելիքի տարածումը թե՛ կրթության ոլորտում, թե՛ գործարար շրջանակներում: Մենք համոզված ենք, որ միայն գրագետ ՏՀՏ քաղաքականությամբ կարելի է միջազգային չափանիշներով մրցունակ բիզնես, կրթական համակարգ և պետություն ունենալ»,- շեշտեց Հարությունյանը: 

*

*