Սմբատ Գոգյանը ԲՈԿ մասնագիտական խորհուրդների մեծամասնությունում խախտումներ է տեսնում

«Մշտական մասնագիտական խորհուրդներն իրենց սպառել են...»
smbat-gogyan (1)

Բարձրագույն որակավորման կոմիտեում գործող 60 մասնագիտական խորհուրդների ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտմամբ: Խորհուրդներում հայտնվում են չափանիշներին չհամապատասխանող մարդիկ, հաճախ գիտական աստիճաններ են տրվում ոչ արժանիներին:

Լրագրողների հետ հանդիպմանը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այս հանգամանքներով հիմնավորեց մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունումների ժամանակավոր դադարեցումը:

«Վերջին ամիսների ընթացքում ես ուսումնասիրել եմ մասնագիտական խորհուրդներում տիրող վիճակը, բարձրացված խնդիրները, թե դրանցում կան կոռուպցիոն գործընթացներ: Եվ, ցավոք, եկել եմ այն եզրակացության, որ պնդումների մեծամասնությունը իրականություն են: Հիմա ԲՈԿ-ում կա գործող 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնություն ձևավորվել են կարգի խախտումով: Եվ ստիպված եղա սեպտեմբերի սկզբին դադարեցնել մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունելու գործընթացը՝ մինչ հստակ պատկեր կունենանք, թե որ մասնագիտական խորհուրդն ինչ չափով չի համապատասխանում պահանջներին»,-ասաց Գոգյանը:

Նրա կարծիքով՝ մշտական մասնագիտական խորհուրդներն իրենց սպառել են: Վերջին երկու ամսում ԲՈԿ նախագահը ներկա է գտնվել մի քանի ատենախոսությունների պաշտպանությունների և հասկացել, որ մասնագիտական խորհուրդներում քննարկում գրեթե տեղի չի ունենում:

«Շատերը պարզապես քվեարկում, գնում են:  Ներկա եմ եղել պաշտպանության, որտեղ ատենախոսությունը գրված էր հայերեն, բայց ընդդիմախոսը ռուս էր և հայերեն չգիտեր: Որոշ ատենախոսություններ շատ թույլ մակարդակի էին»,-նշեց Գոգյանը:

Շատերը գիտական աստիճան են ստացել ոչ բավարար հիմքերով: Սակայն հետին թվով գիտական աստիճանը հետ վերցնել չի թույլատրվում: Գոգյանի կարծիքով՝ խորհուրդների կազմում հաճախ հայտնվում են ոչ ճիշտ մարդիկ, որոնք ավելի կառավարելի են դարձնում կազմը: «Եթե անդամներից մի քանիսը չեն բավարարում չափանիշներին, նրանք չեն կարող բարձրաձայն դեմ խոսել ատենախոսության վերաբերյալ, քանի որ գիտեն, որ իրավական հիմքերով չեն ընդունվել»,-նշեց ԲՈԿ նախագահը:

Նրա կարծիքով՝ եթե օրենքի ամբողջ խստությամբ վերաբերեն մասնագիտական խորհուրդներին, միգուցե դրանցից 1-2-ը մնան: Սակայն դա կբերի գիտական աստիճանաշնորհման համակարգի փլուզման: Ստիպված են եղել մեղմացուցիչ լուծում գտնել և ևս երկու շաբաթով հետաձգել ատենախոսությունները պաշտպանության ընդունելու գործընթացը: Այդ ընթացքում ավելի մանրակրկիտ կերպով կբացահայտեն խնդրահարույց խորհուրդները, որոնցում անհրաժեշտ են գլոբալ փոփոխություններ: ԲՈԿ-ի նպատակն է առաջիկա 3 ամսում վերացնել կոռուպցիոն ռիսկերը, խորհուրդները բերել օրինական դաշտ:

Անդրադառնալով իր գիտական աստիճանին՝ նշեց, որ պատրաստ է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, եթե որևէ մեկը հիմնավոր կերպով ապացուցի, որ իր գրած աշխատանքն արժանի չէ դոկտորի գիտական աստիճանի:

«Օգոստոսի վերջին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ինձ շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, բայց ես այդ վկայագիրը դեռ չեմ վերցրել: Եվ հիմա հայտարարում եմ՝ եթե Հայաստանում մաթեմատիկայի ոլորտից կգտնվի գիտությունների մի թեկնածու կամ դոկտոր, ով կհամարի, որ ես արժանի չեմ դոկտորի գիտական աստիճանի և պատրաստ է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել քննարկում, որտեղ կներկայացնի իմ ատենախոսության բոլոր դրույթները, կկարողանա տեխնիկապես ապացուցել և ասել, որ իմ գրած աշխատանքը արժանի չէ, որ ես դառնամ Հայաստանում գիտությունների դոկտոր, ես պատրաստ եմ իմ վկայագիրը թողնել սեղանին և դուրս գալ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից»,-ասաց Սմբատ Գոգյանը:

Եթե այդպիսի առաջարկ չլինի, ԲՈԿ նախագահը սեպտեմբերի 17-ին կվերցնի իր վկայագիրը:

*

*