Կիբեռհանցագործները օգտատիրոջ ֆայլերը գաղտնագրում են և գումար պահանջում

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` ամենածանր հանցագործությունները կրիպտովիրուսների միջոցով են կատարվում
samvel-martirosyan

Վերջին ժամանակներս նկատվում է փոփոխություն ադրբեջանական հաքերների գործողությունների մեջ: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեղեկատվականանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Եթե  նախկինում ադրբեջանական հաքերները փորձում էին կոտրել կայքերը, ներկայումս կիբեռհարձակումներն ուղղված են անհատների դեմ: Այսինքն՝ Հայաստանում բնակվող և ազգությամբ հայերը դարձել են թիրախ սոցցանցերում, էլեկտրոնային փոստերում և այլն»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով` հաքերների կողմից այդպիսի հարձակումների ալիք եղավ մի քանի օր առաջ, և դա մտահոգվելու առիթ է տալիս:

«Իհարկե, ադրբեջանական հաքերների կողմից ներկայացված թվերը ուռճացված են, սակայն խնդիրը գոյություն ունի, քանզի կիբեռհանցագործները ոչ միայն օգտատերերի էջերն են կոտրում, այլև իրենց անունից խոսքեր են գրում և համացանցում բաց տեղադրում անձնագրերի պատճենները, անձնական տվյալները»,- նշեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, Հայաստանում կիբեռհանցագործությունների աճ է նկատվում:

«Հայաստանում ցանցից օգտվողների քանակը շատացել է, ներկայումս օգտվում է մոտ 2 միլիոն օգտատեր: Դա մեծ շուկա է կիբեռհանցանքների համար»,- ընդգծեց փորձագետը:

Մարտիրոսյանի խոսքով` ամենածանր հանցագործությունները կրիպտովիրուսների միջոցով են կատարվում, որոնց պատճառով մարդիկ ֆինանսական կորուստներ են կրում:

«Այսինքն` կիբեռհանցագործները օգտատիրոջ ֆայլերը գաղտնագրում են և այդ ֆայլերի բացման դիմաց գումար պահանջում: Եթե 2015 թվականին աշխարհում այդպիսի հանցագործությունների հասցրած վնասը կազմել է 50-60 միլիոն  դոլար, ապա 2016 թվականին՝ 1 միլիարդ դոլար, և այս աճը շարունակական բնույթ է կրում»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Փորձագետը օգտատերերին հորդորեց բոլոր կայքերում ունենալ տարբեր գաղտնաբառեր, չպատասխանել էլեկտրոնային փոստերում անհայտ նամակներին, մանավանդ փոխանցել գաղտնաբառը:

*

*