Ռոբոտներն ավելի շատ աշխատատեղեր կստեղծեն, քան կխլեն, բայց ցնցումներն անխուսափելի են. ՀՏՀ

Մինչեւ 2022 թվականը ռոբոտներն ամբողջ աշխարհում կզբաղեցնեն 75 մլն աշխատատեղ
robot

Միլիոնավոր աշխատատեղեր, ամենայն հավանականությամբ, կանհետանան ավտոմատացման արդյունքում, բայց, հնարավոր Է, չարժե այդքան շատ վախենալ ռոբոտներից: Այս մասին ասված Է Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) զեկույցում, տեղեկացնում է BBC-ն:

Փորձագետները հաշվել են, որ մինչեւ 2022 թվականը ռոբոտներն ամբողջ աշխարհում կզբաղեցնեն 75 մլն աշխատատեղ, բայց միեւնույն ժամանակ կստեղծեն 133 մլն նորերը, այսինքն՝ դինամիկան դրական կլինի:

Ըստ նրանց կանխատեսումների՝ համակարգչային տեխնոլոգիաները մարդկանց կազատեն միապաղաղ աշխատանքից եւ թույլ կտան զբաղվել նորերով, ավելի հետաքրքիր առաջադրանքներով:

ՀՏՀ զեկույցի հեղինակները կարծում են, որ առաջիկա տարիներին ռոբոտները եւ կիբեռնետիկական համակարգերը ոչ միայն կտրուկ կավելացնեն աշխատանքի արտադրողականությունը, այլեւ կբերեն նոր աշխատատեղերի ստեղծման: Արդյունքում կհայտնվեն վերլուծաբանների, ծրագրավորողների, սոցցանցերի մասնագետների, ինչպես նաեւ «զուտ մարդկային» մասնագիտությունների, օրինակ՝ ուսուցիչների եւ սպասարկման ոլորտի աշխատակիցների ավելի շատ թափուր աշխատատեղեր, ասված Է հետազոտության մեջ:

Սակայն փորձագետները նշում են, որ այդ նպաստավոր փոփոխությունները կուղեկցվեն աշխատանքի շուկայում լուրջ ցնցումներով, քանի որ առանձին դիրքեր ավելի ու ավելի պակաս պահանջարկ կունենան: ՀՏՀ-ն նշում Է, որ ռոբոտները մարդուն ավելի ու ավելի հաճախ կփոխարինեն հաշվապահական ֆիրմաներում, գործարաններում եւ փոստային բաժանմունքներում, ինչպես նաեւ քարտուղարների եւ գանձապահների դերերում: Քանի որ վերափոխումները զգալի են լինելու, բազմաթիվ աշխատողների անհրաժեշտ կլինի վերաուսուցանել, նրանց հմտությունները հարկ կլինի նորացնել, հարմարեցնել նոր պայմաններին: ՀՏՀ-ի փորձագետները կոչ են անում կառավարություններին՝ սոցիալական պաշտպանություն ապահովել այն մարդկանց համար, որոնց աշխատատեղերը փակվելու են:

*

*