PicsArt հավելվածը ձեռնոց է նետում համաշխարհային առաջատար ընկերություններին

Աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման հավելվածն ամսական ունենում է 90 մլն օգտատեր:
picsart

ՏՏ ոլորտի համաշխարհային ընկերությունների հետ համաքայլ առաջ շարժվող PicsArt ընկերության  հավելվածները ներգրավում են ավելի ու ավելի մեծ թվով օգտատերերի: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ընկերություն եւ ծանոթացել թե աշխատակազմի հետ, թե այն հնարավորություններին, որոնք առաջարկում է ընկերությունը:

Ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը տեղեկացրեց, որ աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման հավելվածն ամսական ունենում է 90 մլն օգտատեր:

«Պատրաստում ենք հավելվածներ հեռախոսների համար: Այժմ ընկերությունն ունի 350 աշխատակից, մինչդեռ հիմնադրման սկզբում նրանք  մոտ 10-ն էին: Ընկերությունը ոլորտում առաջատարն է. իհարկե  ունենք այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են, օրինակ,  Adobe Photoshop ծրագիրը, որը  մեծամասամբ օգտագործվում է համակարգիչների վրա, բայց հեռախոսների վրա՝ ոչ այդքան, եւ այս առումով զիջում է մեզ: 5 տարվա ընթացքում  400 մլն օգտատեր ենք ունեցել, եւ կարող եմ ասել, որ ընկերության հաջողությունը մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է գրանցվել»,-ասաց ընկերության գործադիր տնօրենը, ով նաեւ տեղեկացրեց, որ համագործակցում են բուհերի հետ՝ կազմակերպելով մի շարք դասընթացներ:

Հենց տեղում ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արուսյակ Կանեցյանը ցուցադրեց, թե ինչպես կարելի է նկարները զանազան փոփոխությունների ենթարկել՝ օգտագործելով  հավելվածի  առաջարկած 3000 գործիքները:

PicsArt ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին ԱՄՆ-ում: Ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում եւ Երեւանում:

*

*