Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ

Քննարկվել են Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացմանը և PicsArt-ի հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր
7747_b

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները:

Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից՝ ՏՏ, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ։ 30-ից ավելի աշխատակից էլ ներգրավված է Սան-Ֆրանցիսկոյի գրասենյակի աշխատանքներում։ Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքային միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը:

Ընկերության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացմանը և PicsArt-ի հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կրթական, համապատասխան մասնագետներով համալրման խնդիրներին: Երկուստեք կարևորվել է կրթություն-գիտահետազոտություն գործուն կապի ստեղծումը և բուհ-բիզնես-գիտություն շղթայի արդյունավետության բարձրացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է առաջնահերթություն և հետաքրքրված է այս ճյուղը ներկայացնող ընկերությունների հետ համագործակցության, առկա հարցերի քննարկման և փոխշահավետ լուծումների հայտնաբերման հարցում:

*

*