Նախագահը մասնակցել է STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը

Արմեն Սարգսյանը ելույթի ժամանակ հայտարարել է իր երկու նոր նախաձեռնությունների մասին:

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը:

Ցյուրիխում Արմեն Սարգսյանը մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնի գաղափարի հեղինակն ու հիմնական կազմակերպիչը հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում:

Արմեն Սարգսյանը ելույթի ժամանակ հայտարարել է իր երկու նոր նախաձեռնությունների մասին: Դրանցից առաջինն ATOMն է՝ գիտության ու տեխնոլոգիաների քաղաքը, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ եւ համալսարաններ: Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն»-ն է՝ նախագահական նոր մրցանակը, որը հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21-րդ դարի վրա:

*

*