Կիբերհարձակման հետեւանքով Հայաստանում վարակվել է մոտ 1000 համակարգիչ — Երկիր Մեդիա

Կիբերհարձակման հետեւանքով Հայաստանում վարակվել է մոտ 1000 համակարգիչ

Խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը։
samvel-martirosyan

Համաշխարհային կիբերհարձակման հետեւանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարակվել են ոչ միայն անհատների, այլեւ կազմակերպությունների համակարգիչներ:

«Քանի որ վտանգը կա, հետեւաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, եւս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա խորհուրդ տվեց անծանոթ նամակներ չբացել, որովհետեւ վիրուսները գալիս են նաեւ այդ ճանապարհով: Համակարգիչը վարակվելուց  հետո եղած ֆայլերը կոդավորվում են:

WannaCry անվանումը ստացած բավական ագրեսիվ շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի զոհ են դարձել աշխարհի 150 երկրի 300 հազար համակարգիչներ: Համակարգիչների վրա համընդհանուր գրոհի մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին: Հաքերները  համակարգիչները վարակել են արգելափակիչ վիրուսով (կամ շորթիչ վիրուսով), որը գումարի՝ 300-600 դոլարի փոխանցում Է պահանջում գործառական համակարգից արգելափակումը հանելու համար:

 

*

*