ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում

Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը նախավերջին տեղում է։
GCI17

Էլեկտրակապի միջազգային միության «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017»-ում ներառված հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապատասխանաբար նախավերջին և վերջին տեղերը։ Հարևան Վրաստանը դուրս է եկել ընդհանուր ցանկի 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 10-րդ։ Վրաստանի «ցավոտ կետը» կիբեռանվտանգության ճյուղային կենտրոնների (CERT) անբավարարություն է, Ռուսաստանինը՝ կազմակերպությունների համար կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտացման ցածր մակարդակը։

Հարցման արդյունքներով գնահատվում է պետությունների կիբեռանվտանգության մակարդակը հինգ հիմնական ցուցանիշներով՝ օրենսդրական բազա, տեխնիկական տվյալներ, կազմակերպչական հարցեր, որակի բարձրացում և կոոպերացիա։ 2017 թվականին ինդեքսը ներառել է 193 երկիր։

Հատկանշական է, որ տարածաշրջանի բոլոր երկրների թվում առաջատարը Վրաստանն է, որը նաև հայտնվել է գլոբալ վարկանիշի լավագույն տասնյակում։ Վերջին տեղում Թուրքմենստանն է (132-րդ տեղ)։ Ինդեքսի 0,2-ից փոքր նշանակություն ունեցող պետություններին պայմանականորեն կարելի է դասել այն երկրների խմբին, որտեղ նոր-նոր առաջանում են կիբեռանվտանգության ապահովման պայմաններ։

«Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս»-ում առաջին տեղը գրավել է Սինգապուրը, որին հետևում են ԱՄՆ-ը և Մալայզիան։ Վարկանիշի վերջին տեղում գտնվում է Հասարակածային Գվինեան։

Այս մասին տեղեկացնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից։

*

*