90 գիտնական դրամաշնորհներ ստացան ՀՕՖ-ից

Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 14-ը՝ կանայք:
hof-ANSEF-awardee-Kristine-Danielyan

27 խմբում ընդգրկված հայաստանցի 90 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, ֆիզիկայի, կենսաքիմիայի, աստղագիտության, տնտեսագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայում:

Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 250 գիտական հայտերից ԳԿՀԱՀ՝ ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբն ընտրել է 27-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 14-ը՝ կանայք: Դրամաշնորհի գումարը 5000 դոլարին համարժեք դրամ է:

«Այս դրամաշնորհը մի քանի առումով է կարեւոր։ Այն աջակցում է նորարար գաղափարների հետազոտությամբ զբաղվող հիմնարար գիտությանը, ինչը էական է գիտության եւ արդյունաբերության զարգացման համար։ Ֆինանսավորում է մեծ հայտնագործությունների միտված հետազոտական խմբերի աշխատանքը սկզբնական փուլում այն դեպքում, երբ այլ դրամաշնորհատուներ կարող են նույնիսկ չդիտարկել դրանք արդյունքի անորոշության պատճառով։ Եվ վերջապես, ծրագիրը տարիներ շարունակ հնարավորություն է տվել երիտասարդ եւ կին գիտնականներին՝ ներգրավվելու հիմնարար գիտության մեջ»,- միջոցառման ժամանակ ասել է ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը։

27 դրամաշնորհներից 3-ը տրամադրվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շնորհիվ տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 20:

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտությունները ընդգրկում են գիտության գրեթե բոլոր ոլորտները։ 2018-ին 7-ական դրամաշնորհ են ստացել կենսաբանության ու ֆիզիկայի ոլորտները հետազոտելու հայտերը, 2-ը` կենսաքիմիայի, 1-ական` քիմիայի, աստղաֆիզիկայի, կենդաբանության, բնապահպանության, բուսաբանության, էներգետիկայի, տնտեսագիտության, մանկավարժության, լեզվաբանության, սոցիոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի ոլորտները:

Անցած 18 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 2450-ից ավելի դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 461 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1735 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 305 հազար դոլար:

*

*