Գլոբալ ինովացիոն ինդեքսով Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկիրների շարքում 15-րդն է

Նախորդ տարվա համեմատ 4 հորիզոնականով բարելավելով դիրքը
inovation-index

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս-2019»-ը, որտեղ Հայաստանը 129 երկրների շարքում 33,98 միավորով զբաղեցրել է 64-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ 4 հորիզոնականով բարելավելով դիրքը։ Հատկանշական է, որ Հայաստանը արդեն համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր և այդ խմբի 34 երկրների շարքում ԳԻԻ-ով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Գլոբալ ինովացիոն ինդեքսով Հայաստանի դիրքային հարևաններն են Կատարը՝ 65-րդ հորիզոնականում և Հարավային Աֆրիկան 63-րդ հորիզոնականում։ Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 84-րդը, Թուրքիան՝ 49-րդը, իսկ Իրանը՝ 61-րդը։ Նախորդ տարվա ցանկի առաջատար Շվեյցարիան, պահպանել է իր դիրքը՝ 67,24 միավորով, եռյակն ամփոփում են Շվեդիան և ԱՄՆ-ը՝ համապատասխանաբար 63,65 և 61,73 միավորներով, իսկ տասնյակը լրացնում են Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Դանիան, Սինգապուրը, Գերմանիան և Իսրայելը։

Զեկույցում Հայաստանը Արևմտյան Ասիայի խմբի երկրների շարքում համարվել է այն երկրներից, որոնք տարեցտարի աճ են ապահովում իրենց ցուցանիշներով։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ներառվել է անկում գրանցող երկրների շարքում։

*

*