«ArmHiTec-2018»-ին կներկայացվի ավելի քան 60 ընկերության արտադրանք

Ներկայացված են լինելու 34 հայկական և 30 արտասահմանյան ընկերություններ․․․
armHitec

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին Երևանում կմասնակցի արտասահմանյան և հայկական վեց տասնյակից ավելի ընկերություն: Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

«Մարտի 29-31-ը «Երևան էքսպո» համալիրում կայանալիք ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի անվտանգության ամրապնդումը, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացումն ու նոր կապերի հաստատումը»,-ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով` տաղավարային հարթակներում ներկայացված են լինելու 34 հայկական և 30 արտասահմանյան ընկերություններ 14 երկրներից, այդ թվում` Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Սերբիա և այլն: Նախատեսվում է տասը երկրից պետական բարձր մակարդակով պատվիրակությունների ներկայություն:

Պաշտպանության նախարարության համաժողովի թեմատիկ քննարկումներն էլ կծավալվեն ժամանակակից պատերազմներում ռաբոտացված համակարգերի, այդ թվում` անօդաչուների օգտագործման և դրանց պայքարի միջոցների, բանակում օպտիկա-էլեկտրոնային սարքավորումների օգտագործման վերաբերյալ:

*

*