Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

Լաբորատորիայում սովորում են ինչպես Վուրգավանի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները:
armat

Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» փոխանցմամբ, լաբորատորիայում սովորում են ինչպես Վուրգավանի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները:

Եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված դասարաններում աշակերտներն ստանում են ժամանակակից ինժեներական կրթություն՝ սովորելով ծրագրավորման և ռոբոտաշինության հմտություններ:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) 194 դպրոցներում: «Արմաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: Ինժեներական այս խմբակ-լաբորատորիաները 2016-ին արժանացել են միանգամից երկու՝ «Կայուն զարգացման» և «Տեխնոլոգիական կրթության լավագույն մատակարարի» միջազգային մրցանակների:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները մասնակցում են նաև մի շարք խրախուսական միջոցառումների (Ամառային տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարներ, «ԴիջիԿոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթներ, «Բաց խաղ» առաջնություն և այլն), որտեղ վերջիններս կիրառում են իրենց հմտություններն ու ընդգրկվում ավելի լայն և ստեղծագործական միջավայրի մեջ:

Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է «Հայրենասեր» կազմակերպության և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) համատեղ ֆինանսավորմամբ: ԻՏՁՄ-ն ներդրել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ժամանակ իրականացված դրամահավաքի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ամանորյա միջոցառման մուտքավճարների ամբողջ հասույթը:

*

*