4car.am-ը նպատակ ունի կյանքի կոչելու առցանց եղանակով ԱՊՊԱ-ի իրականացումը

Երկամյա 4car.am կայքը մեկտեղել է վարորդներին անհրաժեշտ ծառայությունները: Կայքից օգտվում է 50 հազար վարորդ:

Երկամյա 4car.am կայքը մեկտեղել է վարորդներին անհրաժեշտ ծառայությունները: Հարթակի հիմնական գործառույթը «բջջային ծանուցման համակարգն» է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին բջջային հաղորդագրության միջոցով ստանալ երթեւեկության եւ կայանման խախտումների, ավտոմեքենայի հարկերի եւ այլ ծանուցումների մասին:

«Հաջորդ ֆունկցիայով էլ վարորդները կարող են կապվել իրար հետ՝ իրար նույնիսկ չճանաչելով: Օրինակ, եթե ձեր մեքենայի դիմաց ինչ-որ մեքենա է կայանված եւ այդ պահին չեք կարողանում դուրս գալ, ապա 1041 կարճ համարին գրում եք car բառը-բացատ-մեքենայի համարանիշը-բացատ ու այն տեքստը, որն ուզում եք ուղղել վարորդին: Կայքը ստանում է sms հաղորդագրությունը եւ ավտոմատ ուղարկում վարոդին, եթե նա գրանցված է կայքում»,- բացատրեց 4car.am կայքի հիմնադիր Լեւոն Եղիյանը:

Իրականացրած խախտումների մասին անմիջապես տեղեկանալու համար պետք է ընդամենը գրանցվել կայքում: Այդ պահից սկսած յուրաքանչյուր խախտում կհայտնվի համանուն բաժնում: Գրանցումն անվճար է, պետք է վճարել ընդամենը բջջային հաղորդագրության համար:

«Վարորդը կարող է նաեւ առցանց եղանակով վճարումներ կատարել՝ ինչպես Mobidram-ի, այնպես էլ պլաստիկ քարտերի միջոցով»,- նշեց Լեւոն Եղիյանը:

Ցանկության դեպքում 4car-ը նաեւ կօգնի վաճառել ձեր մեքնենան: Կայքում գործող քարտեզն էլ կտանի մոտակա բենզալցակայն ու կզգուշացնի ճանապարհներին գործող տեսանկարահանող սարքերի մասին:

4car-ից օգտվում է 50 հազար վարորդ: Երկու տարիների ընթացքում վարորդները տեղեկացել են 500 հազար խախտումների մասին: Կայքը մոտ ապագայում հասանելի կլինի Android եւ iOS հարթակներում:

4car-ի գաղափարներն իրականություն դարձնելու հարցում մեծ ներդրում ունի «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը». 4car-ն արժանացել է հիմնադրամի համաֆինանսավորվող դրամաշնորհին:

4Car-ի չորս հոգուց բղկացած թիմը գործունեություն է ծավալում ե’ւ Գյումրիում, ե’ւ Երեւանում: Նրանք նպատակ ունեն կյանքի կոչելու առցանց եղանակով ապահովագրական ծառայությունների իրականացումը:

*

*