Պարգևներ` ուսանողական մարզական խաղերի հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը...
levon-mkrtchyan (8)

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին: Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ արձանագրված հաջողության համար:

18-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրում ընդգրկված տասը` շախմատ, սեղանի թենիս, հրաձգություն, լող, ատլետիկական կրոս, ձյուդո, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ մարզաձևերի մրցումներին մասնակցել են 20 բուհի 1200 ուսանող-մարզիկներ, 150 դասախոս-մարզիչներ, 343 մրցավար և սպասարկող անձնակազմի անդամներ: Ընդհանուր առմամբ` մրցումներում խաղարկվել են հաղթողի 12 գավաթ և 388 մեդալ, այդ թվում՝ 127 ոսկի, 127 արծաթ և 134 բրոնզ: Գավաթներ և մեդալներ են նվաճել 16 բուհերի թիմեր և մարզիկներ:

Մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի,  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Յուրա Գրիգորյանն արժանացել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»:

*

*