Շուշիում կբացվի ծանրամարտի մարզադպրոց

Ծանրամարտն օլիմպիական մարզաձև է, այդ առումով ձգտում են Արցախում ավելի արագ տեմպերով զարգացնել...
canramart (1)

Արցախում բացվել է ծանրամարտի ասոցիացիա, իսկ Շուշի քաղաքում կբացվի ծանրամարտի մարզադպրոց:

Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանի խոսքով՝ Արցախում այնքան էլ ուշադրություն չի դարձվում ծանրամարտին, դա է պատճառը, որ իրենց մոտ միտք հղացավ՝ բացել ծանրամարտի ասոցիացիա:

«Մենք նպատակ ունենք Արցախում զարգացնել ծանրամարտը, որն օլիմպիական մարզաձև է: Ստեփանակերտում ծանրամարտի պարապմունքներին մասնակցում է 32 մարզիկ: Շուշիում ևս անց են կացվում ծանրամարտի պարապմունքներ: Նպատակ ունենք՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունից հրավիրել ծանրամարտի մարզիչներ, որպեսզի Մարտունիում և Մարտակերտում ևս մասնաճյուղեր բացենք»,-ասել է Շիրինյանը

Վերջինս հավելել է, որ մարզումների անցկացման համար որոշակի խնդիրներ կան`  կապված շենքային պայմանների ու անհրաժեշտ սպորտային պարագաների ձեռքբերման հետ: Մրցաշարերին արցախցի մարզիկները հանդես կգան Արցախը խորհրդանշող սպորտային համազգեստով:

Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանին կից բացվելու է ծանրամարտի մարզադպրոց, որտեղ շուշեցի երեխաները կանցկացնեն իրենց մարզումները:

«Ապրիլին արցախցի ծանրամարտի մարզիկներն առաջին անգամ մասնակցելու են ՀՀ Վանաձոր քաղաքում անցկացվելիք ծանրամարտի առաջնությանը. այդ առաջնությանը մասնակցելու է 6 արցախցի մարզիկ»,-ասել է ծանրամարտի մարզիչ Արթուր Նահապետյանը և նշել, որ ծանրամարտի մարզումներին մասնակցում են 11-18 տարեկան երեխաները:

Նահապետյանի խոսքով՝ քանի որ ծանրամարտը օլիմպիական մարզաձև է, այդ առումով իրենք ձգտում են Արցախում ավելի արագ տեմպերով զարգացնել ու տարածել այս մարզաձևը:

*

*