Անցկացվել է Ռոբերտ Աբաջյանի անվան շախմատային հուշամրցաշար

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթն ավելի մեծ մասշտաբներ կունենա
robert-abajyan-mrcashar

Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը միշտ վառ է, սխրանքը՝ անուրանալի. հերոսի ծննդյան օրվա առիթով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նրա անվան դահլիճում կենտրոնում բուժվող տղաները, բժիշկներն ու Ազգային ժողովի պատգամավորներն անցկացրեցին շախմատային մրցաշար, որն ամեն տարի այս օրը կդառնա ավանդույթ:

«Վառ լինի մեր Ռոբերտ Աբաջյանի հիշատակը: Անցյալ տարի Ռոբերտի ծննդյան առիթով տղաները հավաքվել էին այստեղ, Ռոբերտի ընտանիքը ևս այստեղ էր: Հերոսի անվան այս սրահը դեռ պատրաստ չէր, երբ նրա ընտանիքին հրավիրեցինք և խնդրեցինք թույլտվություն, որ դահլիճն անվանակոչենք Ռոբերտ Աբաջյանի անունով: Հաշվի առնելով, որ անցյալ տարի վարչապետը կենտրոնին նվիրել էր շախմատ, առաջարկություն ունեցանք այս տարի նոյեմբերի 16-ին Աբաջյանի ծննդյան օրը կազմակերպել մրցույթ, որը կարծում եմ, որ շատ կարևոր է»,-ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հույս հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթն ավելի մեծ մասշտաբներ կունենա, շատ ավելի մեծ քանակությամբ մասնակիցներ կներգրավվեն:

Կենտրոնում բուժվող տղաների հետ շախմատ խաղաց նաև հենց ինքը՝ Մուրադյանը, ով պարտվեց Լաերտ Սաղաթելյանին: «Ինձ համար անսպասելի էր Լաերտի՝ այդպիսի արագ մտքի ճկունությամբ խաղը: Նա արժանապատիվ հաղթանակ տարավ»,-նշեց Մուրադյանը։

*

*