Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը — Երկիր Մեդիա

Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

Հանրապետության նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:
nakhagah-gavat

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 7-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:

Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Հանրապետության նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով:

Նախագահ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով:

*

*