Մխիթարյանի գործակալ․ «Սանչեսը կլինի Մխիթարյանի գործարքի մի մասը, այլ տարբերակ չկա»

Մինո Ռայոլան կկարողանա՞ համոզել Հենրիխին
mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մանչեսթերյան կարիերան շարունակում է հարցականի տակ մնալ: Հունվարի 15-ին կայացած Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ «Յունայթեդ» -«Սթոք Սիթի» խաղի հայտացուցակից Մխիթարյանը կրկին բացակայում էր:

«Կստեմ, եթե ասեմ, որ դա պարզապես մարտավարական որոշում էր: Պարզապես ընտրել եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր հարյուր տոկոսով վստահ են, որ կարիերան շարունակելու են «Մանչեսթեր Յունայթեդ»-ում։ Ապագայի վերաբերյալ կասկածներ չպետք է լինեն: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ կլինի խաղալ, եթե նա վստահ չէ իր ապագայի հարցում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ  Ժոզե Մոուրինիոն։

Վերջին օրերի ընթացքում բրիտանական հեղինակավոր պարբերականները մեկը մյուսի հետեւից սկսեցին գրել, որ Լոնդոնի «Արսենալի» եւ Չիլիի հավաքականի առաջատար Ալեքսիս Սանչեսն ամեն գնով ցանկանում է տեղափոխվել մանչեսթերյան գրանդներից մեկը: Սկզբից խոսվում էր «Մանչեսթեր Սիթի»-ի մասին, բայց հետո չիլիացին, ըստ BBC-ի եւ Sky sports-ի, ընտրել է «Յունայթեդի» տարբերակը:

Լոնդոնի «Արսենալն» էլ չի ցանկանում հենց այնպես բաժանվել Սանչեսից: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադրվել է գործարքի մեջ անպայման ներառել Հենրիխ Մխիթարյանին: 28-ամյա ֆուտբոլիստը չի շտապում ընտրության հարցում, խոսակցություններ կան, որ Հենրիխը չի ցանկանում շփվել Ժոզե Մոուրինիոյի հետ:

ESPN-ն էլ գրել է, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան կկարողանա համոզել Հենրիխին, եւ վերջինս մոտակա օրերին կհամալրի «Արսենալի» շարքերը:

««Մանչեսթեր Յունայթեդ»-ը պայմանագիր չի ստորագրի Սանչեսի հետ, մինչեւ Մխիթարյանը չհամաձայնի տեղափոխվել «Արսենալ»: Միկին դեռ չի որոշել: Նա որոշում կկայացնի ելնելով նրանից, թե որն է իր համար լավ: Նա դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի։ Սանչեսը կլինի Մխիթարյանի գործարքի մի մասը, այլ տարբերակ չկա»,- ասել է Մինո Ռայոլան:

 

Հեղինակ՝

Ռազմիկ Հովհաննիսյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները