Հռիփսիմե Խուրշուդյանը շարունակում է մարզվել. «Նա եղել է, կա եւ մինչեւ մահն էլ մնալու է հավաքականի կազմում»

«Երկիրն այսօրի» հետ հեռախոսազրույցում այս մասին ասաց ԾՀՖ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փաշիկ Ալավերդյանը։
hripsime-khurshudyan

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից մենք որեւէ փաստաթուղթ չենք ստացել որակազրկման եւ պատժամիջոցների մասին։ Որեւէ մեկը մեզ չի ասել, որ Խուրշուդյանը որակազրկված է»,- «Երկիրն այսօրի» հետ հեռախոսազրույցում այս մասին ասաց Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փաշիկ Ալավերդյանը։ Ուստի նա խորհուրդ տվեց չշտապել Հռիփսիմե Խուրշուդյանին որակազրկելու հարցում։

«Այսինքն, Խուրշուդյանը շարունակո՞ւմ է մարզվել Հայաստանի օլիմպիական թիմի կազմում» հարցին նա պատասխանեց, որ «Խուրշուդյանը եղել է, կա եւ մինչեւ մահն էլ մնալու է հավաքականի կազմում»։ Նրա խոսքով, Խուրշուդյանը շարունակում է ծրագրով նախատեսված մարզումները։

Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հրապարկել է մի խումբ մարզիկների ցանկ, որոնք ժամանակավորապես որակազրկվել են դոպինգի պատճառով։ Դրանց թվում է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը։

Մարզիկների որակազրկումը ժամանակավոր է եւ ուժի մեջ է մինչեւ գործի քննության ավարտը: Հետեւաբար նաեւ պարզ չէ, թե ինչպիսի՞ն կլինի վերջնական որոշումը եւ կգնա՞ նա օլիմպիադայի, թե՞ ոչ։ Ըստ այդմ, այժմ նաեւ սխալ է հարց բարձրացնել նաեւ Խուրշուդյանի արդեն նվաճած մեդալների ճակատագրի մասին։

Իսկ ըստ կարգի, վերոհիշյալ ցուցակի հրապարակման պահից սկսած 21 օրվա ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան(ԾՄՖ) լսումներ է կազմակերպում, որին, ըստ ցանկության, մասնակցելու իրավունք ունենում են ցուցակում հայտնված մարզիկները: Այդ լսումներից հետո եւս 21 օրվա ընթացքում վերջնականապես հայտարարվում են որակազրկումների ժամկետները եւ պատժամիջոցները:

*

*