Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Սեփական հարկի տակ ընդունելով Ղազախստանի ընտրանուն՝մեր տղաները 2-0 հաշվով փայլուն հաղթանակ տարան։
hh-footboal

 

Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 2-րդ հանդիպումն անցկացրեց՝ սեփական հարկի տակ ընդունելով Ղազախստանի ընտրանուն: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով:

Վնասվածքի պատճառով մրցավեճին հայտավորված չէր Հովհաննես Համբարձումյանը: Մեկնարկային կազմում հանդիպումը սկսեցին՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ՝ Տարոն Ոսկանյանը, Գաել Անդոնյանը, Վարզադատ Հարոյանը եւ Լեւոն Հայրապետյանը: Կիսապաշտպանությունում՝ Գոռ Մալայքթայանը, Մարկոս Պիզելին, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Կամո Հովհաննիսյանը, թիմի միակ հարձակվողը Արթուր Սարկիսովն էր:

Պետոսյանի գլխավորած թիմը, կարելի է ասել, կորուստով սկսեց հանդիպումը. առաջին րոպեին մրցակցի դարպասապահի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ Գեւորգ Ղազարյանը, նրան փոխարինեց Տիգրան Բարսեղյանը, որը տեղ զբաղեցրեց կիսապաշտպանության ձախ եզրում:

Առաջին կեսի ամենավտանգավոր պահի հեղինակը Մխիթարյանն էր, 28-ամյա ֆուտբոլիստը պատ խաղարկելով թիմակցի հետ դուրս եկավ հարվածային դիրք եւ թվում էր, թե գոլն ախուսափելի է, սակայն գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին:

2-րդ կեսում Ղազախստանն ավելի վստահ տեսք ուներ, սակայն դա տեւեց մինչեւ 64-րդ րոպեն, երբ 2-րդ դեղինը ստացավ հյուրերի կենտրանական պաշտպան Մալին, նա կանոնները խախտեց Հենրիխ Մխիթարյանի հետ պայքարում: Նույն րոպեին Պետրոսյանը կատարեց խաղում 2-րդ փոփոխությունը. Մարկոսը տեղը զիջեց Էդգար Մանուչարյանին:

70-րդ րոպեին արդեն խաղադաշտը լքեց Սարիկոսովը, նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Արաս Օզբիլիսը: 3 րոպե անց Մանուչարյան- Բարսեղյան — Մխիթարյան եռաքայլ գրոհը իր տրամաբանական ավարտին հասցրեց մեր թիմի ավագը: Շատ չանցած արդեն 2-րդ գնդակը հայտնվեց հյուրերի դարպասում. Կամո Հովհաննիսյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո ընթացքից կատարած հարվածով աչքի ընկավ Արաս Օզբիլիսը:

Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Առաջինը տեղի էր ունեցել Մոնտենեգրեյի հետ խաղում:

Հեղինակ՝

Ռազմիկ Հովհաննիսյան

*

*