Չինաստանը կաջակցի հայկական սպորտի զարգացմանը

Նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Վանաձոր, Կապան և Իջևան քաղաքներում:
hayastan-chinastan-despan

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:

Նախարար Ռոստոմյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար: «Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական և տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը և տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում մարզվողների թվի ավելացմանը և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:

Նշենք, որ այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:

*

*