Հարությունյանին կպարգեւատրեն ոսկե մեդալակրին համապատասխան

Եզրափակիչում Միհրան Հարությունյանի մրցելույթի բողոքարկման հարցը դեռ պարզ չէ:
mihran-harutyunyan

Ռիո-2016-ին 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ինչպես ամբողջ միջազգային հանրության, հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու նրա նախագահի համար Միհրան Հարությունյանը հաղթող է և ոսկե մեդալակիր: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում ունի, որ Հայաստանում Միհրան Հարությունյանին դիմավորելու և պարգևատրելու են որպես ոսկե մեդալակրի: Խոսքը և՛ գումարային պարգևի մասին է, և՛ մնացած արտոնությունների»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական կազմի վարվելակերպը բողոքարկվելո՞ւ է և ինչպե՞ս է ընթացակարգը, Իվետա Տոնոյանն ասաց, որ ինքն այս պահի դրությամբ տեղեկություն չունի։

«Այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, ինքս նույնպես գտնվում եմ արձակուրդում, և այդ առնչությամբ դեռևս տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը բողոքարկմանը վերաբերող հարցին ի պատասխան ասաց, որ այդ և այլ հարցերի կպատասխանի միայն Հայաստան վերադառնալուց հետո:

Իսկ թե Միհրան Հարությունյանն արժանացել է նախկին պարգևին` Բաքվի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճած արծաթե մեդալի համար, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, որ պարգևատրվել է նախորդ տարվա ավարտին՝ մեծարման երեկոյի ժամանակ:

Բաքվում մեդալ նվաճող մարզիկներին ՀԱՕԿ-ը խոստացել էր պարգևատրել՝ հաղթողին՝ 50 հազար, երկրորդ տեղն զբաղեցնողին՝ 30 հազար, բրոնզե մեդալակրին՝ 20 հազար դոլարին համարժեք դրամ: Միհրան Հարությունյանը Բաքվում արժանացել էր արծաթե մեդալի:

*

*