ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուն հիացած է հայկական շախմատի դպրոցով

Թեկնածուն կարծում է, որ լուրջ պայքար է ծավալվել երեք թեկնածուների միջև
arkadi-dvorkovich

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արկադի Դվորկովիչը շեշտեց, որ իր նպատակը շախմատային ընտանիքի միավորումն է:

«Այս ընթացքում ծանոթացա շախմատային ենթակառույցներին, ինչով հիացած եմ: Առաջին արդյունքները կան, ինչը տարիների աշխատանքի արդյունք է: Մենք բոլորս սովորելու բան ունենք հայկական շախմատի դպրոցից»,- ասաց նա:

Դվորկովիչի խոսքով` ՖԻԴԵ-ի նախագահի նախընտրական քարոզարշավը ընթանում է մեծ թափով: Թեկնածուն կարծում է, որ լուրջ պայքար է ծավալվել երեք թեկնածուների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը: Ռուս թեկնածուն կարծում է, որ մեծ հնարավորություններ ունի հաղթելու ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում: «Վստահ եմ, որ կհաղթեմ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում»,- շեշտեց Դվորկովիչը:

Վերջինիս կարծիքով` ՖԻԴԵ-ի նախկին իշխանությունները ոչ լավ աշխատանք են տարել մարզաձևի մասսայականացման հարցում:

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 3-ին Բաթում քաղաքում: Առաջադրված են ևս երկու թեկնածու` հույն Գեորգիոս Մակրոպուլոսը և անգլիացի շախմատիստ Նայջել Շորթը:

*

*