Ֆուտբոլի Մ19 տարեկաների ընտրանին պարտվեց Իսպանիային Եվրո-2019-ի մեկնարկում

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ
futbol-m19a

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Հանրապետական մարզադաշտում մրցելով Իսպանիայի հետ պարտվեց 1:4 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, որ Հայաստանի ընտրանին գործելու է երկրորդ համարով և շեշտը դրել է հնարավոր հակագրոհների վրա: Արթուր Ոսկանյանի սաների գործողություններում ակնհայտ զգուշավորություն կար: Իրար հաջորդող գրոհներից մեկը՝ 33-րդ րոպեին եզրափակվեց գոլով: Եվրո-2019-ի առաջին գնդակ խփեց և Իսպանիայի ընտրանուն առաջ մղեց Խանդրո Օրելանան:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կարողացավ օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունը: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Իսպանիայի ընտրանու դարպասապահը բաց թողեց գնդակը ձեռքից և նրան առաջինը հասած Արսեն Եղիազարյանը (51-րդ րոպե) հավասարեցրեց հաշիվը: Իսպանիան բաց թողած գնդակից հետո նորից տիրեց նախաձեռնությանը և 58-րդ րոպեին Խուան Միրանդան կրկին առաջ մղեց իսպանացիներին:

Վերջիններից շատ ժամանակ չպահանջվեց երրորդ գոլը խփելու համար: 64-րդ րոպեին Ալեխանդրո Մարկեսը տուգանային հրապարակում ճիշտ տեղում հայտնվելով՝ գլխով գնդակն ուղարկեց Հայաստանի դարպասը: Հանդիպման ավելացված րոպեներին Իսպանիան խփեց 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Վիկտոր Մոլյեխոն: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով հօգուտ Իսպանիայի:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 10200  երկրպագու:

A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ,  ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտում):

*

*