«Եվրո 2016». Ֆրանսիան հաղթեց Գերմանիային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիա-Ֆրանսիա հանդիպման առաջին խաղակեսում թիմերը բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին:
france-germany

«Եվրո 2016»-ի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել  Գերմանիայի ընտրանու  նկատմամբ`2-0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ:

Գերմանիա-Ֆրանսիա հանդիպման առաջին խաղակեսում թիմերը բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին: Թիմերը խաղադաշտի յուրաքանչյուր սանտիմետրի համար  պայքար մղեցին: Թեև հանդիպման կարևորությունը չափազանց մեծ էր, այնուամենայնիվ, թիմերից և ոչ մեկը չէր վախենում գրոհներ կազմկերպելուց: Խաղի առաջին վտանգավոր գրոհը անցկացրեց Ֆրանսիայի ընտրանին: Անտուան Գրիզմանը հիանալի անցում ձեռնարկեց, որից հետո հարվածեց Մանուել Նոյերի դարպասի հեռավոր աջ անկյան ուղղությամբ: Գերմանացի դարպասապահն իր բարձրության վրա էր և կարողացավ հեռացնել գնդակը: Գերմանիայի ընտրանին այս գրոհից հետո տիրեց նախաձեռնությանը և 2 շատ վտանգավոր գրոհ անցկացրեց: 1-ին դեպքում Էմրե Ջանի հարվածը բարձր ընթացավ, իսկ ահա երկրորդում  Բաստիան Շվայնշտայգերի հարվածից հետո հիանալի խաղաց Ուգո Լյորիսը և դուրս բերեց գնդակը անկյունային: Ֆրանսիան այս  գրոհից հետո ակտիվացավ և Օլիվյե Ժիրուն ստացավ լավ հնարավորություն: Իսկ պահը հենց ստեղծեց ինքը՝ Օլիվյեն: Նա գլխով առաջ նետեց գնդակը, նպաստավոր դիրքում հայտնվեց, սակայն վերջին պահին հապաղեց և Բենեդիկտ Հովեդեսին թույլ տվեց հեռացնել գնդակը: Ֆրանսիայի հավաքականը 1-ին կեսի ավելացրած ժամանակին ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք: Տուգանային հրապարակում անկյունայինի խաղարկումից հետո ձեռքով խաղաց Բաստիան Շվայնշտայգերը: Հարվածը իրացրեց Անտուան Գրիզմանը և առաջ մղեց իր թիմին`1-0: Առաջին կեսը այսպես էլ ավարտվեց:

2-րդ խաղակեսում խաղադաշտում անչափ լարված պայքար ծավալվեց: Այս անգամ էլ Ֆրանսիայի ընտրանին առաջին վտանգավոր գրոհի հեղինակն էր: Գրիզմանը նորից կարողացավ նպաստավոր դիրք դուրս գալ ու հարվածել:Այս անգամ էլ գերմանացի պաշտպանը կանգնեց գնդակի ճանապարհին: Ֆրանսիան շարունակեց գրոհել և հանդիպման 72-րդ րոպեին ցնծություն պարգևեց իր երկրպագուներին: Գրոհը սկսեց Պոլ Պոգբան: Վերջինս խլելով գնդակը տուգանային հրապարակում, ձախ եզրից գնդակը փոխանցեց դարպասային հրապարակի կենտրոն, Նոյերը հեռացրեց գնդակը, սակայն՝ կենտրոնով ու ոչ հեռու, և վրա հասած Անտուան Գրիզմանը գրավեց դարպասը` հաշիվը դարձնելով 2-0: Գերմանիան փորձեց պատասխանել արագ գրոհով, սակայն Կիմիխի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Հետագայում թիմերը ավելին անել չկարողացան, և Ֆրանսիան վստահ քայլերով հասավ եզրափակիչ: Անտուան Գրզիմանը այս հանդիպման իսկական հերոսը դարձավ:

Եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 10-ին `Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ Ֆրանսիան կմրցի Պորտուգալիայի հետ:

Արմեն Մանուկյան

*

*