CNN-ն առաջարկում է «Չելսի»-ին և «Արսենալ»-ին բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը

Լրատվամիջոցը շեշտում է, որ հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը ամոթալի է ՈՒԵՖԱ-ի համար
mxitaryan-arsenal-everton2

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին:

Լրատվամիջոցն իր այսօրվա հրապարակած հոդվածում շեշտում է, որ հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը ամոթալի է ՈՒԵՖԱ-ի համար` միաժամանակ հավելելով, որ միջազգային ճանաչում ունեցող մարզիկը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով` որ Հայաստանում է ծնվել:

Առաջատար հեռուստաընկերությունը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառներ է ներկայացնում՝

  1. Երկրպագուների ճամփորդության անհարմարությունները,
  2. 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայության թույլտվությունը
  3.  Այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչների ապահով  չզգալը, և որ նրանց մուտքի հաճախակի մերժումը

Ըստ CNN-ի` Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալ»-ի համար  հնարավոր է մեծ կորուստ լինի, և  նրա՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցությունների բոլոր սկզբունքներին:

«Եթե «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պարտություն կրի առաջ կգա այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- հարցնում է լրատվամիջոցը`միևնույն ժամանակ առաջարկելով երկու անգլիական ակումբներին բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կնշանակի:

Հիշեցնենք, որ նախօրեին «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

*

*