«Սպորտի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը». Արթուր Գևորգյան

«Նախարարությունը պնդում է, որ ՀԲՖ նախագահի ընտրությունները անցել են մի շարք խախտումներով...»
artur-gevorgyan

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  հայտնել է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը:

«Բանն այն է, որ նախարարությունը պնդում է, որ ՀԲՖ նախագահի ընտրությունները անցել են մի շարք խախտումներով և պահանջում նոր ընտրություններ կազմակերպել: Իսկ բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ նման պահանջի իրավական հիմք չկա ու շեշտում է, որ նոր ընտրություններ կանցկացվեն, եթե ֆեդերացիան համապատասխան նամակ ստանա միջազգային կառույցից:

Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը:

Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:

Բռնցքամարտի ֆեդերացիան, որպես օլիմպիական մարզաձև, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այս տարի ևս կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն իր ապօրինի որոշմամբ դադարեցրել է ֆինանսավորումը, այն էլ այն ժամանակ, որ բռնցքամարտն իր զարգացման լավագույն ժամանակներն է ապրում:

Նման ակնհայտ ապօրինություն և ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն չենք հանդուրժելու և դիմելու ենք ՀՀ վարչապետին, ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը»,-գրել է նա:

*

*