Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն վերընտրված նախագահի

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը չհանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցներին
boghoq

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչներ, գործող բռնցքամարտիկներ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց` ի պաշտպանության ֆեդերացիայի` օրեր առաջ վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանի:

Ֆեդերացիայի ներկայացուցիչներին անհանգստացնում էր այն փաստը, որը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չեն ընդունում ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը չհանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցներին` առաջարկելով նախապես, ըստ կանոնակարգի օրը ընտրել և նոր այցելել նախարարին:

Ըստ Ատոմ Պողոսյանի, ով բռնցքամարտի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նախագահն է, ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են կանոնակարգին համաձայն և բաց են եղել, քանի որ առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ կապվեց և ակցիան դադարեցնել հորդորեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով այս օրերին Հունգարիայում է և մասնակցում է եվրոպական ֆեդերացիայի նիստին: Գևորգյանի խոսքով` ֆեդերացիա ոչ մի ապօրինություն չի արել և ընտրություններն անցել են ճիշտ:

«Ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտելու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործունեությանը, ոչ սպորտի նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը»,-շեշտեց Գևորգյանը:

Ավելի ուշ ներկա լրագրողներին ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Վերջինիս պնդմամբ` ոչ նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը այս հարցին լուծում չի տալիս, սրանով պետք զբաղվի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան:

*

*