«Տոտենհեմը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին՝ Մադրիդում:
totenhem-ayaqs2

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Այաքս»-ը հյուրընկալեց «Տոտենհեմ»-ին և պարտվեց 2:3 հաշվով. անգլիական թիմը դուրս եկավ եզրափակիչ:

Առաջին կեսի հենց մեկնարկին «Այաքս»-ը տիրեց նախաձեռնությանը և 5-րդ րոպեին դե Լիխտը բացեց հանդիպման հաշիվը: Հոլանդական թիմը շարունակեց առավելությունն իր ձեռքում պահել և 30-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Զիեշը:

Երկրորդ կեսում «Տոտենհեմ»-ը նոր թարմությամբ մտավ խաղի մեջ և նախ 55-րդ, ապա 59-րդ րոպեին Լուկաս Մոուրան դուբլ ձևակերպելով՝ վերականգնեց հաշվի հավասարությունը: Խաղակեսի վերջնամասում գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ «չես խփում դու, գոլն են խփում քեզ»: «Այաքս»-ը չիրացրեց իր հնարավորությունը և իր առիթը բաց չթողեց «Տոտենհեմ»-ը: Ավելացված 90+6 րոպեին անգլիական ակումբի հաղթական գոլը խփեց նույն Մոուրան:

Երկու խաղերի ընդհանուր հաշվում գրանցվեց 3:3 և մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ եզրափակիչ դուրս եկավ «Տոտենհեմ»-ը։ Նրա մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլ»-ը:

Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին՝ Մադրիդում:

*

*