Արթուր Ալեքսանյանին հայրենի քաղաքում դիմավորեցին մեծ ցնծությամբ

Շիրակի մարզպետ. Էմոցիաները խեղդում են
artur-alexsanyan-gyumri

Հունահռոմիական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին հայրենի քաղաքում մեծ տոնակատարությամբ դիմավորեցին: Ուրախ երգերով, դհոլ-զուռնայով ու փողային նվագախմբի կատարումներով: Հրապարակի կարգուկանոնը հսկող ոստիկանները դժվարությամբ էին կարողանում երկրպագուներին հեռացնել Արթուրից ու ճանապարհ բացել: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ավելի քան անկեղծ էր:

«Մարդ ասում է՝ մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում, էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի, նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս մի բան էր եռում: Ինչու են մեր հայերը հաղթում, բայց հայկական դրոշ չի բարձրացվում, ու այսօր շատ սիմվոլիկ օր է. 27 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Խոնարհվում եմ այն բոլոր մարզիկների ու մարզիչների առջև, ովքեր տարբեր երկրներում բարձրացնում են հայոց եռագույնը»,-նշեց մարզպետը՝ Արթուրին մաղթելով նորանոր հաղթանակներ և առաջիկա օլիմպիական ոսկին. «Վստահ եմ՝ սա վերջը չէ և 2020 թվականի օլիմպիադան կլինի հերթականը»:

Նոր հաղթանակ, բայց նաև անձնական երջանկություն մաղթեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ կարևորելով, այն փաստը, որ շատերը Գյումրու մասին իմացան հենց Արթուրի շնորհիվ: «Ես ձեզանով եմ ուժեղ»,-նշեց Արթուրը՝ շնորհակալություն հայտնելով գյումրեցիներին՝ իր կողքին լինելու համար:

*

*