«Արարատ»-ը՝ Արկադի Անդրեասյանի որակազրկման մասին

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել...
arkadi-andreasyan

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել` կապված թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի որակազրկման հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 70-ամյա մասնագետը 2 տարով զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից.

«Ի պատասխան տարածում գտած լուրերի, թե Արկադի Անդրեասյանի որակազրկումը փաստացի թույլ չի տա նրան աշխատել «Արարատում», տեղեկացնում ենք, որ թիմի ավագ մարզիչը որակազրկվել է կարգապահական կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ըստ որի՝ պատժամիջոցը կիրառված ակումբի ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ արգելում է նրանց մուտքը հանդերձարաններ, խաղադաշտ և բոլոր շփումներն ակումբի անդամների հետ՝ սկսած խաղասկզբից 90 րոպե առաջ, մինչև խաղավարտից 45 րոպե հետո ժամանակահատվածում:

Սա նշանակում է, որ մարզիչը կարող է խաղին հետևել տրիբունայից: Եվ քանի որ այս արգելքն ուժի մեջ է մտնում միայն խաղասկզբից մեկ և կես ժամ առաջ, այն չի կարող ազդել մարզիչի՝ թիմը մարզելու վրա:

Նման որոշումներ կայացնողը միմիայն ակումբի ղեկավարությունն է»,- գրում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Տեղեկացնենք, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Արարատն» այսօր «Նաիրի» մարզադաշտում կմրցի «Ալաշկերտի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին:

*

*