«Արարատ-Արմենիան» 2-1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին»

Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին
ararat-armenia

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի «Արարատ Արմենիան» 2-1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»: Հայկական ակումբը հաղթական գոլը խփեց խաղի ավելացված ժամանակի 3-րոպեին:

Խաղը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Արդեն 22-րդ րոպեին Պաշովի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լիման:

Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը: Գնդակ հեղինակեց Դանել Սինանին: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը՝ խաղի ավելացված ժամանակի 3-րոպեին:

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

*

*