ԶՈՒ մոտ 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. քննարկում վարչապետի մոտ

Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել․․․
khorhrdakcutyun-nikol-pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝  նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, և միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին: Քննարկվել են ԶՈՒ-ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես Զինված ուժերի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի զինվորը, նրա կարիքները, և ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է: Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով և պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ: Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, և պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ», — նկատել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել և գործընթացի արդյունավետ կազմակերպման համատեքստում կարևորել պետություն-մասնավոր հատված մշտական գործուն կապը, մշտական համատեղ աշխատանքը։

*

*