Երկիրը ղեկավարում են տղամարդիկ, երկիրը ղեկավարող տղամարդկանց՝ կանայք

Այսօր ՀՀ Զինված ուժերում կա ավելի քան 2000 կին զինծառայող:

Ժողովուրդն ասում է. «Երկիրը ղեկավարում են տղամարդիկ, իսկ երկիրը ղեկավարող տղամարդկանց ղեկավարում են կանայք»: Հիրավի՝ կանայք պատմության ակունքներից տղամարդուն հավասար մարտնչել են ճակատամարտներում եւ կարեւոր պաշտոն զբաղեցրել ղեկավարման օղակներում: Ռազմական գործում, քաղաքական կրքերի թատերաբեմում եւ հասարակական ոլորտում կանայք եղել են թե ակտիվ, թե ազդեցիկ եւ իզուր չէ, որ Հայ կնոջ ավանդական նուրբ ու հեզ կերպարը պատմական բազմաթիվ դրվագներում զուգակցվում է մեկ այլ՝ խիզախ եւ քաջ կերպարի հետ: Նույնիսկ ժողովրդական բանահյուսության մեջ հանդիպում ենք հայ կնոջ քաջարի կերպարին: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում հայ կինը ներկայացվում է ոչ միայն որպես գեղեցիկ եւ աշխատասեր տնային տնտեսուհի, այլեւ ոգեշնչում ու առաջնորդում է մի ողջ զորքի:

Գեղարվեստական գրականությունից անցում կատարենք դեպի պատմական դրվագներ: Այստեղ եւս հանդիպում ենք կնոջ երկու խաչվող կերպարների: Հիշենք հայտնի պատմական հերոսուհիներից ՝ Սոսե մայրիկին , Գեւորդ Չաուշի կնոջը՝ Հեղինեին, ինչպես նաեւ Մարիամ Չիլինգարյանին, Ագուլինե Թաթուլյանին: Այս բոլոր կանայք ներկայանում են կարծրատիպային կերպարից դուրս՝ զինված, տղամարդկային հագուստով, տղամարդու կեցվածքով:

Մեծ է եղել նաեւ կանանց ներդրումը Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ: 1988-ից հետո էլ, երբ համայն հայությունը ներգրավվեց ազգային-ազատագրական պատերազմի մեջ՝ պաշտպանելու իր պատմական տարածքները հայ կանայք նույնպես անմասն չմնացին: Հստակ թիվ դժվար է նշել, բայց որոշ աղբյուրներ վկայում են, որ կանանց թիվն այդ տարիներին մարտի դաշտում գերազանցել է 200-ը:

Այսօր ՀՀ Զինված ուժերում կա ավելի քան 2000 կին զինծառայող: Նրանք ստանձնում են ոչ միայն վարչական աշխատանքներ, այլեւ նրանց շարքում կան տարբեր ստորաբաժանումների պետեր, զինծառայողներ, ինչպես օրինակ՝ կապի վարչության, գաղտնի մասի եւ ստորաբաժանումների, բուժծառայության աշխատակիցներ: Ավելին՝ կան կանայք, որոնք ծառայում են հատուկ նշանակության զորքերում, ունենք նաեւ դիպուկահար կանայք:

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*