Ամառային զորակոչի ընթացքում ստացված 142 դիմում-բողոքից ընթացք է տրվել 80-ին

10 զորակոչիկ ճանաչվել է զինծառայությանը ոչ պիտանի
zorakoch

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որոնք փաստում են քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցության մասին։

Ստացված 142 դիմում-բողոքից ընթացք է տրվել 80-ին, որից 74-ը հասցեագրվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ անդրադառնալով զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին։

Հանձնաժողովի առաջարկություններից և նկատառումներից ելնելով՝ 27 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների, 2-ը՝ վիրահատության, վերագնահատվել են 10 զորակոչիկի առողջական վիճակն արտացոլող հետազոտական տվյալները։ Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության վերաբերյալ 28 եզրակացություն, 10 զորակոչիկ ճանաչվել է զինծառայությանը ոչ պիտանի, 1-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի, 17-ին տրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ բուժման նպատակով։ Եվս 10 զորակոչիկի վերաբերյալ կայացվել են լրացուցիչ փորձաքննական եզրակացություններ, որոնցով սահմանափակվել է նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը զինվորական ծառայության ընթացքում։

Հանձնաժողովն ընթացք է տվել նաև 3 պարտադիր ժամկետային զինծառայողի վերաբերյալ դիմում-բողոքի, որոնց լուծումը վերահսկվում է հասարակական խորհրդի կողմից։

*

*