Ապրիլյան պատերազմի մասնակից Արմանը բանակային կյանքը կարոտով է հիշում

Չնայած վերապրածին, Արմանը վստահաբար ասում է՝ հարկ եղած դեպքում նորից կգնա առաջնագիծ:

Ապրիլյան պատերազմի մասնակից Արման Ավետիսյանն այս տարի շարունակելու է ուսումը․ սովորելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեխանիկական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Առաջին կուրսի երկրորդ կիսամյակում զորակոչվեց Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանում գտնվող զորամասերից մեկը․ հայրենիքի հանդեպ պարտք ուներ կատարելու: Ապրիլի երկուսին ծառայության 15-րդ ամսում գտնվող Արմանը վիրավորված հրամանատարին օգնության հասնելու ժամանակ կորցրեց ձախ ոտնաթաթը:

«Ձախ ոտքիս տակ նռնակ նետեցին, ձախ ոտնաթաթս պոկվեց: Այնուհետեւ տվյալ պահին ինձ օգնություն տրամադրեցին իմ դիրքի տղաները: Հետո եկան օգնական ուժեր ու ինձ հանեցին, քանի որ վիրավոր էի: Ծանր վիրավոր էի համարվում: Հանելուց հետո տեղափոխեցին զորամասին կից հոսպիտալ, այնուհետեւ` Ստեփանակերտ: Ստեփանակերտում ամպուտացրեցին ձախ ոտնաթաթս: Մեկ օր Ստեփանակերտում մնալուց հետո՝ ապրիլի 3-ին, տեղափոխեցին Երեւանի Մուրացանի հոսպիտալ»,- պատմում է Արմանը:

Զինվորական հոսպիտալում Արմանը երկու վիրահատություն է տարել: Ոտնաթաթից բացի, վնասվել էր նաեւ ծնկից վերեւ ընկած հատվածը: Երկրորդ վիրահատության ժամանակ ոտքը եւս մի քանի սանտիմետրով կարճացավ: Հոսպիտալում Արմանին մեծ ուժ են տվել հաշմանդամություն ունեցող մարդկանց այցելությունները: Դուրս գրվելուց մոտ մեկ ամիս անց ոտքը պրոթեզավորեցին: Ասում է՝ պրոթեզավորած ոտքով ամեն ինչ կարողանում է անել. լողում է, վազում, մեքենա վարում, հեծանիվ քշում, նույնիսկ սար է բարձրացել:

«Ասացի՝ բժի՛շկ ջան, կարո՞ղ եմ հեծանիվ քշել: Նայեց, հարցրեց՝ մինչեւ այս դեպքերը կարողացե՞լ ես քշել: Ասացի հա, ասաց՝ ուրեմն կարող ես»,- մեջբերում է նա։

Արմանի հետ ավելի վաղ պետք է զրուցեինք, սակայն ոտքը բորբոքվել էր, ժամանակավորապես չէր կարող պրոթեզ կրել:

«Արմանի մոտ դժվարությունն այն է, որ կոտրվածք ուներ: Մենք այդ կոտրվածքը ժամանակավոր պրոթեզով անցկացրեցինք: Հիմա կոտրվածքը վերջնական վիճակի է եկել, նորմալ է: Խնդիրներ առաջացնում են բեկորները: Հարյուրավոր բեկորներ կան ծայրաթի մեջ, որոնք որ ժամանակ առ ժամանակ նեղություն են պատճառում: Տվյալ պահին 3-4 այդպիսի բեկոր տեղաշարժվել են եւ ուզում են դուրս գալ»,- ասում է օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը։

Բժշկի խոսքով, բուժման ընթացքում հաջողություններ հասնելուն մեծապես նպաստել են Արմանի կամքն ու աշխատասիրությունը: Կամքն այս անգամ էլ օգնեց. մի քանի օրից Արմանն իր ոտքով եկավ նկարահանման: Շուտով ժամանակավոր պրոթեզի փոխարեն մշտականը կկրի:

Բանակն ու հատկապես քառօրյա պատերազմը մեծապես փոխել են Արմանին: Իր կարծիքով յուրաքանչյուր տղա անպայման պետք է ծառայի բանակում: Չնայած վերապրածին, վստահ ասում է, որ հարկ եղած դեպքում նորից կգնա առաջնագիծ: Ինչով կարող է կօգնի՝ թեկուզ տղաների համար հաց կտրելու նպատակով կգնա. դա էլ է օգնություն:

«Քանի որ տեսել ես քո ընկերոջ մահը, քո հրամանատարի վիրավորումը, տեսել ես մի մարդու, ով պատրաստ է եղել քո համար իր կյանքը տալ, չես կարող կյանքին նայել այնպես, ինչպես մնացածը: Ավելի շատ սկսեցի գնահատել կյանքը»,- ասում է Արմանը։

Բանակային կյանքը կարոտով է հիշում: Կարոտում է ընկերների հետ զրույցները, գետնատնակում անցկացրած գիշերները, միասին հաց ուտելն ու սուրճ խմելը: Եբեք չի դժգոհել, ամեն ինչին հարմարվել է․տղամարդը դժվարություններին դիմանալու համար է:

«Պյուրեի սիրահար եմ, երեւի ամեն օր էլ պյուրե էին տալիս: Կարելի է ասել՝ ամեն օր էլ ուրախ էի»,- հիշում է Արմանը։

Նա իր երազանքներից խոսել չի սիրում: Միայն նպատականերից խոսեց՝ ուսում ստանալ, աշխատել, ընտանիք կազմել, սերունդներ տալ: Առաջին քայլն արդեն արված է. Արմանի սիրտը զբաղված է: Միակ երազանքը, որի մասին բարձրաձայնեց Արմանը, հայրենիքը խաղաղ տեսնելն է:

«Կուզեմ, որ խաղաղություն լինի: Խաղաղությունը դժվար ձեռք բերվող բան է: Որ ձեռք ես բերում, ամեն գնով պետք է պահես»,- եզրափակում է խոսքը Արմանը։

*

*