Վիրավորված զինվորի մեկ աչքը վիրահատել են

33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։
hivandanoc5

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հունիսի 17-ին վիրավորում ստացած եւ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» տեղափոխված զինվորի վիճակը միջին ծանրության է: Լրագրողների հետ զրույցում կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն ասաց, որ զինվորի մոտ երկու աչքն էլ վնասված է:

«Մի աչքն արդեն վիրահատել ենք: Նրան երկարատեւ բուժում է սպասվում»,-ասաց Մալայանը՝ չբացառելով առաջիկայում ևս վիրահատության անհրաժեշտությունը:

Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումը կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։

Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն էլ ասաց, որ ՊԱ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:

 

*

*