Զինծառայությունից խուսափածներին պատասխանատվությունից ազատող օրենքի ժամկետը չի երկարաձգվի

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չնայած օրենքի երկարաձգում չի լինելու, բայց շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը:
norakochik

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը չի երկարաձգվելու:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում նշեց, որ օրենքը կոնկրետ ժամանակահատվածում հանդիսացել է կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ: Ըստ նախարարի, օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև՝ տարիքը լրանալուց հետո, վճարել համապատասխան գումարը:

«Կարծում ենք, որ դա արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ», — նկատեց նախարար Տոնոյանը:

Օրենքը հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  չնայած օրենքի երկարաձգում չի լինելու, բայց շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը:

«Մինչ հունվարի 1-ն օրենքը ուժի մեջ է, և այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չէ, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս գնել, այս բոլոր գործընթացներն անցնել և Նոր տարին  էլ նշել Հայաստանում», — եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

*

*