Նիկոլ Փաշինյանը Յուրի Օգանեսովին ՀՀ քաղաքացիություն է շնորհել

Յուրի Օգանեսովը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
nikol-pashinyan-yuri-oganezov

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին: 

Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին կառավարությունում և կարևորել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը:

«Ձեր հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում, իհարկե Ձեր աջակցությունը շատ օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար: Ես անակնկալ ունեմ Ձեզ համար, երեկ ստորագրել եմ Ձեզ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին միջնորդությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե Ձեզ նման քաղաքացի է ունենալու, որովհետև համարում եմ, որ դե ֆակտո Դուք վաղուցվանից եք ՀՀ քաղաքացի», ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Յուրի Օգանեսովն այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ անվանի գիտնականի բոլոր ծրագրերը հայրենիքում հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել:

Յուրի Օգանեսովը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Նա տեղեկացրել է վարչապետին, որ արդեն իսկ հանդիպել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և վերջիններիս հետ քննարկել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման ընթացքը, ինչպես նաև՝ ֆիզիկոսների ներգրավվածության հնարավորությունն այդ գործընթացում:

*

*